Հայաստան

Երևանում տեղի ունեցավ դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը

5 րոպեի ընթերցում

Դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը
Դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հունիսի 14-ին տեղի ունեցավ դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`միջոցառումը կազմակերպվել է  ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում։

Համաժողովի բացմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, կարևորելով դատավորների գործունեության գնահատման նոր համակարգն, ընդգծեց, որ Եվրոպական միությունը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ամենամեծ աջակիցն ու գործընկերն է։ 

Նա շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ արդարադատության նախարարությանը դատավորների գործունեության գնահատման նոր համակարգի մշակման գործընթացում  մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

Անդրեասյանի համոզմամբ՝  դատավորների գնահատման թեման արդիական է և  դատաիրավական բարեփոխումների սիրտն է։ 

Ըստ նրա՝ դատավորների կատարած աշխատանքի ոչ պատշաճ գնահատման հետևանքով նրանց անարդար մեղադրանքներ են ուղղվում։ 

«Մենք ոչ թե փորձում ենք նոր հեծանիվ հայտնագործել, այլ ընդամենը ստեղծել մի արդար համակարգ, որով դատավորն արդար կգնահատվի, դրա համար կստանա արդար ազդեցություններ՝ բոնուսի, առաջխաղացման, ուղղակի հանրային գնահատականի տեսքով, իսկ թերացած դատավորն էլ կստանա հնարավորություն ուսումնական գործընթացների ընթացքում բարելավել իր կարողությունները»,-ասաց ԲԴԽ նախագահը՝  համոզմունք հայտնելով, որ դատավորի գործունեության գնահատման նոր համակարգը դատավորների միջև կձևավորի առողջ մրցակցություն և կծառայի նրանց գործունեության արագության և արդյունավետության բարձրացմանը։

Հայաստանում արդարադատության համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացում ԵՄ աջակցությունը բարձր գնահատեց նաև ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը՝ կարևորելով այդ համատեքստում դատավորների գնահատման նոր համակարգի մշակումը, որն համատեղ իրականացվում է նախարարության և ԲԴԽ-ի կողմից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործունեություն-Հայաստան» նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը հայտնեց, որ դատավորների գնահատման նոր մոտեցման մեջ առաջնային նշանակություն է տրվել որակական չափանիշներին, ինչպես նաև փոփոխվել է մեթոդաբանությունը։

8D1A8508.JPG

«Նույն չափանիշի մեջ մենք փորձել ենք այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ հնարավոր լինի տարբերակում մտցնել նույնիսկ չնչին որակական տարբերությունները գնահատելու առումով»,-պարզաբանեց Աֆրիկյանը։ 

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ողջունելով համաժողովը, կարևորեց ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, որի առանցքում դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության նոր համակարգերի մշակումն է։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ  Կարեն Զադոյանի խոսքով՝  միջազգային ստանդարտների և առաջավոր փորձի վերլուծությունը վկայում է, որ դատական վիճակագրությունը համակարգված և գիտակցված կիրառելու պարագայում այն կարող է արդյունավետ գործիք հանդիսանալ դատական գործունեությունը, կատարողականի արդյունքները գնահատելու, պլանավորելու և դատարանի արդյունավետ կառավարումն իրականացնելու գործում։

«Դատավորների անհատական գնահատման համակարգի կատարելագործմանը միտված բարեփոխումներն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն՝ դատական համակարգի չափելիության և գնահատման կառուցակարգերի արդիականացմանն ուղղված տեսլականի ձևավորման շրջանակներում, որտեղ վիճակագրությունը կհանդիսանա դատական գործունեության կատարողականի արդյունքների գնահատման, պլանավորման և արդյունավետ կառավարման գործիք»,-ասաց  Զադոյանը։

Բացմանը հաջորդեցին պանելային քննարկումները փորձագետների և իրավասու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում