Նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ալեքսանդր Լուկաշենկոյին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բանակցությունների արդյունքներով այնուհետ ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրեր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիր և «2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև» համագործակցության ծրագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Նախագահ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ պարոն Նախագահ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեր երկրում: Մենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ ենք ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ գագաթնաժողովների, անցյալում նաև՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի ընթացքում, իսկ մինչ այդ՝ նաև ԱՊՀ գագաթնաժողովում, որտեղ այժմ Բելառուսը իր նախագահության շրջանում իրականացնում է Համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ:

Այդ կանոնավոր հանդիպումները մեզ թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել և լուծել հայ-բելառուսական օրակարգի ընթացիկ հարցերը: Այնուամենայնիվ, բարձր մակարդակի փոխայցելությունները մնում են միջպետական հարաբերությունների առաջընթացի գլխավոր խթանը: Եվ ես ցանկանում եմ կրկին ողջունել Ալեքսանդր Լուկաշենկոյին Հայաստանում, որտեղ նա միշտ ցանկալի հյուր է:

Ուղիղ մեկ ամիս հետո մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ տարեթվին մենք մոտենում ենք ունենալով ոչ միայն երկկողմ համագործակցության համապատասխան մակարդակ, այլ նաև ամուր գիտակցումով, որ այս տարիների ընթացքում կուտակված միջպետական փոխգործակցության դրական փորձը հանդիսանում է մեր ընդհանուր սեփականությունը:

Եվ մենք միասնական ենք այն հարցում, որ մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր պատմական անցյալի հետ: Չէ՞ որ մենք կողք-կողքի ենք անցել անցյալ հարյուրամյակի բարդություններով, ուս-ուսի մարտնչել ենք Մեծ Հայրենականում, հազարավոր հայեր են զոհվել բելառուսական ճակատներում, հարյուր հազարավորներն արիաբար փառավորել են իրենց անունը: Մեր բարեկամությունն ամրապնդված է մեր ընկած հերոսների արյամբ, և մեզ անհրաժեշտ է խնամքով պահպանել ու բազմապատկել այդ ժառանգությունը:

Մենք քննարկեցինք ամենաբազմազան հարցեր. խոսեցինք տնտեսության, աշխարհաքաղաքական հարցերի, հումանիտար կապերի մասին: Բնականաբար, խոսեցինք նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին, որի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հունիսին: Ընդգծեցինք միջխորհրդարանական սերտ կապերը հատուկ ստեղծված հայ-բելառուսական հանձնաժողովի շրջանակներում:

Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերին: Մենք մտքեր փոխանակեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացման շուրջ, խոսեցինք ԱՊՀ-ում գործընթացների մասին, որտեղ մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բելառուս բարեկամներին՝ Համագործակցությունում նրանց նախագահության հաջողության ապահովման նպատակով:

Ես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին ծանոթացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս ընթացքին: Եվս մեկ անգամ ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ: Ես հավաստիացրեցի Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը:

Մենք որոշակի և բազմախոստում ծրագրեր ունենք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մուտք մեր երկրների շուկաներ, փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում, համագործակցություն մշակույթի և գիտության բնագավառներում: Մեծ հնարավորություններ ենք տեսնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կհամաձայնի ինձ հետ, որ այցին նախորդող մեծաքանակ շփումներն ամենատարբեր մակարդակներում նպաստեցին նրան, որ քիչ առաջ ստորագրվեց փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ: Մենք ակնկալում ենք, որ դրանք սպասվող ազդակ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը: Այնպես որ, պարոն Նախագահի այցը ժամանակին էր և դատապարտված է հաջողության»:

Հայերեն English Русский

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ