Երևանի ավագանու ընտրություններում Եվրամիությունն ու Եվրախորհրդարանը հանդես կգան միասնական դիտորդական առաքելությամբ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում Եվրոպական միությունը և Եվրոպական խորհրդարանը հանդես կգան միասնական դիտորդական առաքելությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
«Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի միասնական դիտորդական խումբը Հայաստան կժամանի ապրիլի 30-ին: Պատվիրակությունը բաղկացած կլինի 14 հոգուց: Այս պահին կարող եմ ասել, որ պատվիրակությունը կգլխավորի անգլիացի ներկայացուցիչ»,-ասաց Երիցյանը` հավելելով, որ դեռևս չի կարող հստակ նշել, թե կոնկրետ ովքեր կլինեն պատվիրակության կազմում:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Պայքարը կընթանա ավագանու 65 տեղի համար: Ավագանու ընտրություններին կմասնակցեն վեց կուսակցություն և մեկ դաշինք: Քարոզարշավը կմեկնարկել է ապրիլի 7-ին: Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի շուրջ 2000 տեղական դիտորդ:
Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: