Երևանի նոր քաղաքապետի ընտրությունները կկայանան մայիսի 5-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու հերթական ընտրությունը կնշանակվի 2013 թվականի մայիuի 5-ին։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է. «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից»:
Այդպիսով, ավագանու ընտրությունների միջոցով էլ կընտրվի Երևանի նոր քաղաքապետը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին կազմված է 65 անդամից, որն ընտրվում է չորս տարի ժամկետով:
Երևանի ավագանին ներկայում բաղկացած է Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից: Հայ ազգային կոնգրես դաշինքը ներկայացնող խմբկացությունը Երևանի կառավարման աշխատանքներին հրաժարվել է մասնակցել: