Տարածաշրջանային

Հայաստան-Իրան հարաբերությունների ապագան լուսավոր է. դեսպան Մոհամմադ Ռեիսի

16 րոպեի ընթերցում

Հայաստան-Իրան հարաբերությունների ապագան լուսավոր է. դեսպան Մոհամմադ Ռեիսի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան- Իրան փոխհարաբերությունների, 2013թ.-ին սպասվելիք զարգացումների, համատեղ տնտեսական, մշակութային և զբոսաշրջանային համագործակցությունների մասին«Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում 2012 թվականը հայ-իրանական հարաբերությունների զարգացման տեսանկունից: Ի՞նչ ձեռքբերումներ եղան, որոնք ավելի նպաստեցին Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդմանը:

-Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները վաղեմի և բարեկամական բնույթ ունեն: Այս հարաբերությունները բարիդրացիական են և հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: 2012 թվականի Իրանի և Հայաստանի միջև տարածաշրջանային և միջազգային տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունները դրական ընթացք են ունեցել: Անցյալ տարվա ընթացքում տեղի ունեցան երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ: Բնապահպանության կազմակերպության նախագահը, Ներքին գործերի, Էներգետիկայի նախարարները, ԱԳ նախարարի տեղակալը և Իրանի այլ պաշտոնյաներ այցելեցին Հայաստան: Երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանի Հանրապետության արդարադատության, մշակույթի, արտաքին գործերի և սփյուռքի նախարարները ևս այցելեցին Իրան: Տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ուղղությամբ համապատասխան նախարարությունների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, Հայաստանի և Իրանի վաղեմի բարեկամությունը, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների սերտ և բարեկամական հարաբերությունները, հատկապես Իրանի և Հայաստանի առաջնորդների քաղաքական կամքը և միջազգային ու տարածաշրջանային բազամաթիվ խնդիրների շուրջ նրանց տեսակետների ընդհանրությունը կարեւոր դեր են խաղացել Իրանի և Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում:

-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Հայաստան-Իրան փոխհարաբերություններում 2013թվականի ընթացքում:

- Ինչպես 2012-ին, 2013-ին ևս երկու երկրների շահերն առաջ մղելու ուղղությամբ կշարունակվի երկկողմ համագոծակցությունը: Այս համատեքստում համատեղ ջանքերը կուղղվեն բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ են շարունակելու համագործակցությունն առանց երրորդ կողմերի միջամտության և ազդեցության: Երկու երկրների հարաբերությունների և համագործակցության ապագան լուսավոր է և միտված է լինելու տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն:

-Ինչ շեշտադրումներ են ունենալու Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները:

- Իրանը և Հայաստանը հնուց ի վեր ունեցել են առանձնահատուկ հարաբերություններ: Վերջին տարիների ընթացքում մշտապես ջանքեր են գործադրվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ այս հարաբերությունները առավել հարստացնելու ուղղությամբ: Ինչպես գիտեք, երկու երկրների տնտեսական հարաբերությունների հիմնական ոլորտներն այն կարեւոր նախագծերն են, որոնք իրականացման փուլում են եւ, բարեբախտաբար, անցյալ տարվա ընթացքում դրանց իրականացման ուղղությամբ տեղի են ունեցել դրական զարգացումներ: Այդ նախագծերից կարող եմ հիշատակել Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, որի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ 2012թվականի վերջին` ՀՀ նախագահ մեծարգո Սերժ Սարգսյանի եւ երկու երկրների պաշտոնատար անձանց ներկայությամբ: Կամ երկու երկրների միջեւ էլեկտրական երրորդ գծի շինարարությունը, որի գործնական աշխատանքները սկսվել են համապատասխան հաշվեհամարի բացվելուց հետո: Իրանի եւ Հայաստանի միջեւ մյուս տնտեսական նախագծերի ուղղությամբ եւս լուրջ հետեւողականություն է ցուցաբերվում:

Բացի այդ նախագծերից, ընդարձակ են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ոլորտները: Իրանի եւ Հայաստանի միջմարզային հարաբերությունները համապատասխան պաշտոնյաների ջանքերի շնորհիվ չափազանց ակտիվ են, եւ անցյալ տարվա ընթացքում այդ ոլորտում բազմաթիվ այցելություններ են տեղի ունեցել: Այդօրինակ հարաբերությունները նպաստում են Իրանի եւ Հայաստանի մասնավոր հատվածների միջեւ փոխգործակցության առավել ակտիվացմանը:

-Ի՞նչ քայլեր են արվում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

- Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2012թվականին կազմել է ավելի քան 340 միլիոն ԱՄՆ դոլար, որը 2011-ի համեմատ աճել է տասը տոկոսով, սակայն նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա առեւտրային հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ երկու երկրների ղեկավարների կամքը եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացնելու համար առկա ներուժը, այդ ցուցանիշը բավարար չէ: Մեր բոլոր ջանքերը ուղղված են առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելուն եւ այն մեկ միլիարդ դոլարի հասցնելուն, որը երկու երկրների մեծարգո նախագահների ցանկությունն է: Տնտեսական նախագծերի իրագործումը, երկու երկրների մասնավոր հատվածների միջեւ գյուղատնտեսության, անասանապահության, արդյունաբերության, հանքերի եւ դեղագործության ոլորտներում կապեր ստեղծելու եւ փոխգործակցությունը ակտիվացնելու միջոցով ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, միջմարզային համագործակցության ընդլայնումը, սահմանային շուկաների ակտիվացումը եւ ազատ տնտեսական գոտիների ստեղծումը այն քայլերն են, որոնց լրջորեն հետամուտ են երկու կողմերը:

-Ի՞նչ արդյունքներ են տալիս սիրիական խնդրի կարգավորման հարցում Իրանի ջանքերը՝ հաշվի առնելով ստեղծված տարածաշրջանային իրավիճակը:

- Իրանի սկզբունքային դիրքորոշումն է սատարել Սիրիայի ժողովրդի օրինական ու խաղաղ պահանջներն ու նախագահ Բաշար Ասադի ներկայացրած բարեփոխումները, եւ հնարավորություն տալ Սիրիայի կառավարությանն իրականացնելու ժողովրդի ցանկությունը: Մենք հենց սկզբից մեր բոլոր ջանքերը գործադրել ենք Սիրիայի խնդիրը կարգավորելու համար: Իրանի Իսլամական Հանրապետության որդեգրած սկզբունքները նույն սկզբունքներն են, որոնք պաշտպանում են տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները: Հանուն ժողովրդի կյանքի փրկության պետք է դադարեցնել բախումները: Օտար երկրների աջակցությամբ զինված բախումները մեծ վնաս են հասցնում ժողովրդի կյանքին եւ ունեցվածքին:

Բախումները դադարեցնելու ուղղությամբ խորհրդակցությունները շարունակվում են լայն թափով: Այն երկրները, որոնք պաշտպանել են ոչ խաղաղ ճանապարները եւ ջանացել են ընդլայնել բախումներն ու Սիրիա զենքերի մատակարարումը, պետք է հասկանան, որ այդ ճանապարհը որեւէ արդյունք չի տա եւ լինելու է ի վնաս Սիրիայի անմեղ ժողովրդի: Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Բաշար Ասադի նախաձեռնությունն արժանի է տարածաշրջանային եւ միջազգային աջակցության: Սիրիայի կողմից ներկայացված նախագիծը բացառում է բռնություն, ահաբեկչություն եւ ցանկացած արտաքին միջամտություն, երկրի ապագան ուրվագծում է քաղաքական բազմակարծության, ազգային կանոնադրության հիման վրա քաղաքական գործընթացը ամբողջացնելու նպատակով համապատասխան հիմք ստեղծելու, նոր սահմանադրություն մշակելու, խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ի վերջո նոր կառավարության ստեղծելու մեջ: Այժմ տարբեր երկրներ եկել են այն եզրակացության, որ Սիրիայի խնդիրը ռազմական լուծում չունի, այն պետք է լուծել քաղաքական ճանապարհով եւ դա կարող է լինել դրական ձեռքբերում եւ քայլ առաջ: Անգամ Սիրիայի ընդդիմադիրների ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ասադի կառավարության ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությունները շարունակվում են եւ հուսով ենք արդյունքները դրական կլինեն:

-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

- Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց բարդ է, սակայն միաժամանակ ունի լուծում: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես սատարել է տարածաշրջանի երկրների միջեւ հակամարտությունների եւ վեճերի խաղաղ կարգավորումը եւ կարծում է, որ տարածաշրջանի խնդիրներն ունեն տարածաշրջանային լուծումներ եւ տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությամբ ու համախոհությամբ ենթական են կարգավորման: Ուստի այդ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում: Հակամարտության կողմերի ցանկության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

-Հայաստանը և Իրանը հայտնի են իրենց հզոր մշակույթներով, որոնք դարեր շարունակ սերտ աղերսներ են ունեցել: Հայ-իրանական մշակութային համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Իրանահայերն Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո կարեւոր ձեռքբերումներ են ունեցել, Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում հիմնվել են բազմաթիվ մշակութային միություններ, որոնք մինչ այսօր շարունակում են իրենց գործունեությունը: «Արարատ» մարզական ավանը, որը հիմնադրվել էր հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո առավել ընդլայնեց իր գործունեությունը: Բազմապատկվել է իրանահայերի պարսկերենով եւ հայերենով հրապարակվող թերթերի և ամսագրերի թիվը, և «Ալիք» օրաթերթի կողքին, որը հրատարակվում է հեղափոխությունից առաջ և իր գործունեությունը շարունակում է մինչ օրս, կարելի է հիշատակել «Պայման», «Արաքս», «Հույս» եւ «Հանդես» ամսագրերը: Իրանահայերի և Հայաստանի մշակութային կենտրոնների միջև համագործակցությունն էապես ընդլայնվեց և Հայաստանի մշակույթ, արվեստի և թատերական խմբերի համար հնարավորություն ստեղծվեց իրենց արվեստը ցուցադրելու Իրանի հայկական միություններում: Իրանահայերի և քրիստոնյաների պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների պահպանումն ու վերականգնումը Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո համարվում է մշակութային համագործակցության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի շնորհիվ Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս եկեղեցիները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում` Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի Հայաստան կատարվելիք այցի ընթացքում երկու երկրների մշակութային համագործակցության ծրագիրը երկարաձգել երեք տարի ժամկետով:

-Հայաստանը զբոսաշրջիկների համար դառնում է ավելի գրավիչ, ինչը մեծապես նպաստում է հայկական տուրիզմի զարգացմանը: Համագործակցման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այդ ոլորտում: Իրանական զբոոսաշրջիկների համար Հայաստանը պահպանում է արդյոք իր գրավչությունն ու հարմարավետությունը:

- Հաշվի առնելով Հայաստանի և Իրանի հարևանության հանգամանքը, յուրաքանչյուր տարի` հատկապես իրանական նոր տարվա` Նորուզի ընթացքում, բազմաթիվ իրանցիներ են այցելում Հայաստան: Ցավոք սրտի Հայաստանում դեռևս չեն ստեղծվել անհրաժեշտ ենթակառուցվածքներ` մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու համար և այդ ոլորտը պահանջում է համապատասխան մարմինների հատուկ ուշադրությունը: Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպությունը պատրաստակամ է այդ ուղղությամբ համագործակցել հայկական կողմերի հետ:

-ԻսլամականհեղափոխությունիցհետոԻրանըինչպիսի՞ձեռքբերումներէունեցել:

- Տնտեսական առումով բնական պաշարների պահպանումը և այդ պաշարների թալանի կանխումը, գյուղերին ցուցաբերվող ուշադրությունը և նրանց համար հնարավորությունների ստեղծումը, քաղաքային հնարավորությունների արդիականացումը և բարեկարգումը, զարգացման ենթակառուցվածքների բարելավումը, այդ թվում` հմուտ և փորձառու աշխատուժի պատրաստումը, Էներգետիկ ոլորտը, ջրամբարների կառուցումը, կոմունիկացիաների, ճանապարհների և նավահանգիստների զարգացումը, բոլոր մակարդակներում ուսումնական կենտրոնների ընդլայնումը և արդիականացումը և ձգտումը հասնելու տնտեսական ինքնաբավության հանդիսանում են Իրանի Իսլամական հեղափոխության կարևորագույն զարգացումներն ու փոփոխությունները:

Եթե ցանկանամ ներկայացնել Իրանի տնտեսության երկու շոշափելի ձեռքբերումները, ապա պետք է նշեմ, որ Իրանը ներկա դրությամբ ջրամբարների կառուցման և ջրային տնտեսությունների պահպանման հարցում գտնվում է աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում: Այժմ Իրանում շահագործման է հանձնված 50 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ 145 ջրամբար:

Իրանն էլեկտրաէներգիայի արտադրության առումով աշխարհում զբաղեցնում է 14-րդ, իսկ էլեկտրական ցանցերի հզորության առումով տարածաշրջանում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այժմ Իրանն ի վիճակի է կառուցել եւ փոխադրել էլեկտրակայանների սարքավորումներ, մատուցել ինժեներատեխնիկական ծառայություններ և կյանքի կոչել խոշոր նախագծեր եւ ի հեճուկս կիրառված բոլոր պատժամիջոցների, կարողացել է հասնել ինքնաբավության: Իրանի Իսլամական Հանրապետությունը համակցված ցիկլի խոշոր կայանների արդյունաբերության մեջ դասվում է տվյալ կայաններ կառուցող վեց երկրների շարքում: Նավթի, գազի, նավթաքիմիաի արդյունաբերության բնագավառում գրանցված մեծ առաջընթացն Իսլամական հեղափոխությունից հետո համարվում է տվյալ բնագավառի արդյունաբերողների պարծանքը: Իրականացվող կարեւոր նախագծերից է նաեւ «Հարավային Փարս»-ի ընդլայնումը, որի իրագործման դեպքում երկրի եկամուտները կավելանան 6 միլիոն բարել նավթին համարժեք չափով:

Այժմ տարեկան արտահանում ենք մոտավորապես 10 միլիարդ խորանարդ մետր գազ, եւ հաշվի առնելով «Հարավային Փարս»-ում գազի արտադրության ծավալների աճը, առաջիկա տարիների ընթացքում հնարավոր կլինի գազ արտահանել Իրաք, Սիրիա և Պակիստան:

Եթե ցանկանամ նշել անցած երկու տարիների ընթացքում Իրանի տնտեսության մեջ գրանցված կարևորագույն զարգացումը, ապա պետք է ասել, որ դա եղել է սուբսիդների հասցեական դարձնելու մասին օրենքի կիրառումը, որը Իրանի տնտեսության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: Դրանցից կարեւորագույնն Էներգիայի սպառման եղանակների բարեփոխումը, եկամուտի բաշխման բարելավումը և ցածր եկամուտ ունեցող խմբերի բարեկեցության մակարդակի բարձրացումն է: Ակնկալվում է, որ սուբսիդների հասցեական դարձնելու մասին օրենքի կիրառումից բխող արտադրական ձեռքբերումները աստիճանաբար կդրսեւորվեն երկարաժամկետ կտրվածքով:

Հարցազրույցը` Սեդա Մանուկյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում