Ադրբեջանի ղեկավարության սանձարձակ պահվածքն առաջին հերթին իրենց է վնասում. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Երեւան, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ադրբեջանական ագրեսիան եւ այդ պետության ղեկավարության կողմից անվերջ հնչող սպառնալիքները պատերազմում պարտված կողմի ցուցաբերած բնական ռեակցիա են:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 21-ին Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն նշեց, որ ինքը կողմնակից չէ, որպեսզի հենց վաղը Հայաստանը միջազգայնորեն ճանաչի ԼՂ անկախությունը: «Ճանաչել ԼՂՀ անկախությունը` նշանակում է ասել, որ չենք ցանկանում մասնակցել բանակցություններին: Իսկ այդ պարագայում պետք է պատրաստ լինել ռազմական գործողություններ վարելուն, որը մեր շահերից չի բխում: Անկախ պատերազմի ելքից` կռիվը մեծ ավերածություն է հասցնելու Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ Ադրբեջանին: Մեր միակ ցանկությունն է, որ խնդիրը լուծվի բանակցությունների ճանապարհով»,-շեշտեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրեն սանձարձակ է պահում, թշնամություն եւ ատելություն է սերմանում ժողովրդի մեջ, սակայն այդ գործընթացն առաջին հերթին հենց իրենց է վնաս պատճառում: «Միշտ վնաս է կրում թունոտ մարդը, քանի որ նա երբեք չի կարող երջանիկ լինել, լավ գործ կատարել»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский