ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է զինված ուժերը ժամանակակից, այդ թվում՝ հայրենական արտադրության սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով համալրելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ այդ նպատակով պետք է ամրապնդել բանակ-տնտեսություն կապը` խթանելով ռազմարդյունաբերությունը:
«Մեր երկրի պաշտպանությունն ուղղակի պարտավոր ենք կազմակերպել խելամիտ ձեւով: Խելամիտ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ միջոցների արդյունավետ օգտագործմամբ՝ լինեն դրանք անձնակազմ, տեխնիկա, բյուջե, թե ղեկավար փաստաթղթեր ու հրամաններ, ավելի մեծ արդյունք ապահովելու կարողությունը»,- ասել է նա: Սարգսյանի խոսքով` ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, փրկարարական ստորաբաժանումները, նրանց քաղաքացիական հատուկ ծառայողները, սպայակազմը եւ ենթասպայակազմը պետության անվտանգության հենասյունն են: Հանրապետության Նախագահի համոզմամբ` անվտանգությանը ցանկացած լուրջ մարտահրավերի դեպքում առաջին հերթին նրանք պետք է կարող լինեն գործելու միասնաբար` ունենալով համատեղելի ընթացակարգեր եւ փոխլրացնող տեխնիկական միջոցներ:
«Զինված ուժերի անձնակազմն իր լուրջ ներդրումը պետք է բերի նաեւ այլ գերատեսչություններում քաղաքացիական պաշտպանության ու զորահավաքի առավել արդյունավետ համակարգերի մշակման գործում:Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպան առաջին հերթին մտավորական է: Պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ համբավը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է երկրի ղեկավարը: Նա նշել է, որ պետք է զարգացնել բանակի բնական կապը հասարակության բոլոր շերտերի հետ, նոր մակարդակի բարձրացնել բանակ-գիտություն փոխգործակցությունը` ապահովելով բանակի համար արդի եւ կիրառելի գիտական արդյունքի մատակարարում, ուժեղացնել կապը ռազմական եւ քաղաքացիական բուհերի միջեւ` ապահովելով համազգեստով կուրսանտների մուտքը քաղաքացիական բուհեր եւ քաղաքացիական ուսանողների մուտքը ռազմական ուսումնական հաստատություններ` կրեդիտային համակարգով լավագույն դասախոսների մոտ սովորելու հնարավորություն ընձեռելով: