Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունները դատապարտում են Հունգարիայի անարժանապատիվ որոշումը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 11 ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները դատապարտում են Հունգարիայի կառավարության անարժանապատիվ որոշումը, որի հետեւանքով Հունգարիայում հայ սպային դաժանաբար կացնահարած ադրբեջանցի ոճրագործն արտահանձնվեց և ներում ստացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից:
«Հունգարիայի կառավարության որոշումը շատ վիրավորական ու անընդունելի է ինչպես հայ ժողովրդի համար, այնպես էլ մեզ` ասորական համայնքի համար: Մենք այս հայտարարությամբ ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել և պահանջել, որպեսզի մեղավորներն ըստ արժանվույն պատժվեն: Ես`որպես մայր, զարմանում եմ ադրբեջանցի իշխանությունների կատարած քայլերի վրա` ինչպես կարող է մարդասպանը ստանալ հերոսի կոչում, գովաբանվել իշխանությունների կողմից: Այս արարքով կարելի է պատկերացնել, թե ինչ հասարակություն է դաստիարակվում Ադրբեջանումե,-ասաց Եվրոպայի հրեական խորհրդարանի անդամ, Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
«Հայաստանի և ամբողջ աշխարհի եզդիների համայնքն իր զայրույթն է հայտնում Հուգարիայի իշխանությունների կատարած նման անընդունելի արարքի վերաբերյալ: Միանշանակ անհանդուրժելի և աններելի է տարիներ շարունակ իր ժողովրդի մեջ հայատյացություն և էթնիկ անհանդուրժողականություն սերմանող Ադրբեջանի իշխանությունների հերթական քայլը, որը ևս մեկ անգամ ապացուցեց` այդ երկրի ղեկավարությունը ոչ մի ընդհանրություն չունի համամարդկային արժեքների հետ և շարունակում է հերոսացնել ազգային պատկանելության հողի վրա վայրագություններըե,-նշեց Հայաստանի և աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նրա խոսքով` ամբողջ աշխարհի եզդիների համայնքն իր բարեկամությունն ու աջակցություն է հայտնում հայ ժողովրդին` արդարության վերականգման համար: Հանցագործին նման փառահեղ ձևով ընդունելը ադրբեջանցիների կողմից նշանակում է, որ դեռ շարունակվում է հայերի, եզդիների ցեղասպանությունը, շարունակվում է պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտի տարածումն ու ամրապնդումը:
Սույն թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարության ընդունած` Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական իշխանություններին հանձնելու որոշումը քննադատեց նաև «Աթուր ասորական ասոցացիաե-ի նախագահ Արսեն Միխայելովը: «Մենք հայտնում են մեր բողոքը ողջ աշխարհին: Ապրելով 21-րդ դարում` դեռ ականատես ենք լինում նմանատիպ դաժան միջադեպերի և տեսնում ենք Սաֆարովի նման ոճրագործների հերոսացումըե,-հավելեց նա:
2004 թվականի փետրվարի 19-ին ազերի Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սույն թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին, ով եւ ազատ արձակվեց իր երկրում: