Պետեր Մադյարը Վիկտոր Օրբանին մեղադրել է միգրացիայի հարցերում հասարակությանը խաբելու մեջ
1 րոպեի ընթերցում

Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունգարիայի վարչապետն այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Մադյարը նշել է, որ Օրբանը ժամանակին հայտարարել է, որ չի կիրառի Եվրոպական միգրացիոն պակտը, մինչդեռ իրականում պատրաստվում էր երկիր ընդունել հարյուր հազարավոր միգրանտների:
Նա մանրամասնել է, որ նախորդ կառավարությունը սկսել էր փախստականների ճամբար կառուցել Ավստրիայի սահմանի մոտ, բայց հրաժարվել էր այդ գաղափարից տեղի բնակիչների ճնշման տակ:
«Օրբանի կառավարությունը հաճախ ստում էր բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ տնտեսական իրավիճակի, երկրի սոցիալական իրավիճակի և ռուս-ուկրաինական պատերազմի, բայց կար նաև մեկ այլ խնդիր։ Այդ խնդիրը անօրինական միգրացիան էր», - հայտարարել է Մադյարը։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ նախկին կառավարությունը բանավոր դեմ էր հանդես գալիս Ասիայից և Աֆրիկայից միգրանտներ ընդունելուն, բայց իրականում ճամբար էր կառուցում նրանց համար, պլանավորում էր այդ նպատակով միլիոնավոր եվրոներ հատկացնել և «ֆիլտրացիայի գոտի» ստեղծել Դյոր-Մոսոն-Շոպրոն շրջանում՝ ավստրիական սահմանի մոտ։