3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժը մեր տարածաշրջանում անսպասելի իրադարձություն չէ. այս գոտում ավելի ուժեղ երկրաշարժեր եւս հնարավոր են: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` օգոստոսի 29-ին հրավիրած գիտատեխնիկական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին մեկ անգամ եւս հիշեցնում են մասնագետները` միաժամանակ շտապելով ընդգծել, որ մոտ ժամանակներում Իրանի երկրաշարժերի գոտում նոր երկրաշարժերի հավանականությունը քիչ է: Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության հարցերին, մասնավորապես` Հայաստանի վրա Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ազդեցությանը նվիրված նիստինլրագրողների հետ զրույցումԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ իրենք պատրաստ են հնարավոր երկրաշարժերի հետեւանքների վերացմանը:«Այստեղ ավելի կարեւոր է` կարո՞ղ ենք արդյոք կանխատեսել երկրաշարժը, ռիսկը նվազեցնել: Հետեւանքների վերացում բոլորը կարող են անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով` Հայաստանի հարավային սահմաններում կա սեյսմիկ լարվածություն, որը գալիս է մեր հարավային հարեւան-երկրներից: «Բեկվածքը, սակայն, չի գալիս Հայաստանի Հանրապետություն, եւ այս առումով մենք հանգիստ ենք: Մի շարք վայրերում 5-6 բալանոց երկրաշարժի հետեւանքով ճաքեր են առաջացել, որոնք փոքր-ինչ մտահոգիչ են, բայց լուրջ հետեւանքներ չեն առաջացնի»,- նշեց Մխիթարյանը: Նա տեղեկացրեց, որ երկրաշարժի հետեւանքով որեւէ շենքի հիմքի խարխլվածության մասին տեղեկություններ չկան:
Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ու Գեոֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտների, «Գեոռիսկ» ՓԲ գիտահետազոտական ընկերության, Հայկական սեյսմոլոգիայի եւ Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչներ։ Նիստի մասնակիցների համոզմամբ` պետք է պատրաստ լինել նրան, որ ուժեղ հետցնցումները մեր երկրում զգալի են լինելու, եւ դրանից խուճապի չմատնվել:
Իրանում տեղի ունեցած վերջին երկրաշարժերից հետո ԱԻՆ-ը ուսումնասիրություններ է կատարել, պարզել` արդյո՞ք որոշ տեղերում, մասնավորապես` Գորիսում, շենքերի վրա ճաքեր առաջացել են: Պարզվել է. ճաքեր կան, որոնք նախկինում եւս եղել են, պարզապես երկրաշարժի հետեւանքով մեծացել են:ԱԻՆ սեյսմոլոգները ենթադրում են, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը կարող է Թուրքիայում տեղի ունենալիք երկրաշարժի նախանշան լինել:
Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արեւմուտքում, օգոստոսի 11-ի ժամը 16.23-ին տեղի ունեցած 9 բալ ուժգնությամբ երկրաշարժը 4-5 բալ ուժգնությամբ զգացվել էր նաեւՍյունիքի մարզիԱգարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում եւ տարածաշրջանի գյուղերում: