Քննարկվել են ջրային ոլորտի մասնագիտական ներուժի զարգացման հարցերը
2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը հանդիպում է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Մանուկ Բարսեղյանի և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի պատրաստման, կրթական ծրագրերի արդիականացման, ինչպես նաև կրթական համակարգի և ջրային ոլորտի կառույցների միջև համագործակցության զարգացման հարցերը։
Ներկայացվել են Ջրային կոմիտեի կողմից արձանագրված ոլորտային մասնագիտական կարիքները, մասնավորապես՝ հիդրոտեխնիկական, ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման համակարգերի, ինչպես նաև թվային և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում մասնագետների պահանջարկը։
Կարևորվել է կրթական ծրագրերի համապատասխանեցումը ոլորտի ներկա և հեռանկարային պահանջներին՝ հաշվի առնելով ջրային ոլորտում ընթացող զարգացումներն ու առկա մարտահրավերները։
Կողմերը շեշտադրել են բուհական համակարգի և պետական կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը՝ որպես մրցունակ մասնագիտական ներուժի ձևավորման, ջրային տնտեսության արդիականացման և կայուն զարգացման կարևոր նախապայման։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ ոլորտի մասնագիտական պահանջների և կրթական հնարավորությունների առավել արդյունավետ համադրման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակման ուղղությամբ։