Կապանի երիտասարդ առաջնորդների դպրոցն այսուհետ կընդունի սաների առանց տարիքային սահմանափակման
2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կապանի երիտասարդ առաջնորդների դպրոցում, որն այս տարվանից վերանվանվել է «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն, գործունեության տասնմեկ տարիների ընթացքում ուսանել է ավելի քան 500 դպրոցական: Այս տարի կենտրոնն ունեցել է 18 շրջանավարտ: Այսուհետ այն գործելու է ողջ տարին, իսկ դրա մասնակիցներն ընտրվելու են առանց տարիքային սահմանափակման:
«Սա եղել է դպրոցի սաների ցանկությունը, որոնց նպատակը դպրոցական արձակուրդներին եւս դասընթացների, քննարկումների մասնակցելն է: Նրանց ընդառաջելով` «Կանանց հանրապետական խորհուրդ»-ը ստեղծել է առաջին հանրապետական կրթական կենտրոնը` մեր առաջնորդների դպրոցի հիմքի վրա», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը:
Այս տարի կենտրոնում ուսանել են նաեւ իրենց ամառային հանգիստը Կապանում անցկացնող մոսկվացի դպրոցականներ: Նախատեսված հինգ շաբաթվա փոխարեն կենտրոնն աշխատել է տասն օր ավելի: Տնօրենի խոսքով` իրենք ավելի ակտիվ են աշխատել, քննարկվել են առաջնորդություն, կառավարում, հակամարտություն, մենեջմենթ, իրավունք թեմաները, եղել են հանդիպումներ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցների, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Դպրոցի սաները ծանոթացել են ընտրական գործընթացներին, քննարկել գենդերային հարցեր: Անցկացվել են շարադրությունների մրցույթներ, կազմակերպվել էքսկուրսիաներ, «Կանանց հանրապետական խորհրդի» նախագահ Աիդա Թոփուզյանը կարդացել երկու դասախոսություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել եկող աշնանը կենտրոնի սաներին տանելու ԱԺ եւ ծանոթացնելու օրենսդիր մարմնի աշխատանքներին: