Տավուշի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում շչակներ են գործարկվելու
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում հուլիսի 21-ի ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հուլիսի 21-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում նույն համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 21-ի ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։