Վրաստան

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

2 րոպեի ընթերցում

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Համայն Վրաստանի նորընտիր կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդն ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ դեսպանն իր երախտիքն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու նոր պատրիարքի հոգևոր ծառայությունը շարունակությունն է լինելու նախորդների սերմանած քրիստոնյա բարքերի՝ առավել հզորացնելով Եկեղեցին և վրաց ժողովուրդը։ 

Նշվում է, որ Համայն Վրաստանի կաթողիկոսն իր օրհնությունը բերելով հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ դեսպանին, կարևորել է հայ ու վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը, որի շնորհիվ և, հանուն որի, երկու ժողովուրդները հավասարապես պայքարել են և կերտել իրենց ինքնությունը։ 

Շիո Երրորդն անդրադարձել է նաև արդի մարտահրավերներին, որոնց հաղթահարման միակ ճանապարհն է համարել հոգևոր և ազգային արժեքներին հավատարմությունն ու ինքնության պահպանումը։ 

Խոսելով Հայ և Վրաց Եկեղեցիների միջև հաստատված ջերմ կապերի մասին, նա վերահաստատել է Վրաց Եկեղեցու ցանկությունն ու պատրաստակամությունն այդ կապերն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում