Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով
1 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի 17 բնակավայրերում ավարտվել են 2026 թվականի ծառատնկման միջոցառումները, որոնց մեկնարկը տրվել էր մայիս ամսից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունի քաղաքում, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս գյուղերում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և վարչական կենտրոններին են բաշխվել 1.213 սոճենու, 1.103 ուռենու և 764 հացենու տնկիներ։
«Ընդհանուր առմամբ, Մարտունի համայնքի բնությունը հարստացել է 3080 նոր տնկիներով։ Դրանք հիմնականում տնկվել են վարչական գրասենյակների, կրթական ու առողջապահական հիմնարկների բակերում, հուշարձանների տարածքներում և խնամվում են համապատասխան կառույցների կողմից»,-նշեցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։