Թուրք հոգեւոր առաջնորդը խոստովանել է, որ Թուրքիայում հայերը բազմաթիվ մահմեդական «աղոթատեղիներ» են նախագծել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հոգեւոր առաջնորդ, կրոնական գործերով ղեկավար Մեհմեդ Գյորմեզը հանդես է եկել հայտարարությամբ, որը թուրքական հասարակության կողմից լայն քննարկման թեմա է դարձել: Նա ասել է, թե մահմեդական չհանդիսացող մարդը կարող է մզկիթ կառուցել, բայց նախագծել չի կարող: Այդուհանդերձ Գյորմեզը խոստովանել է, որ մինչ Թանզիմաթը` 1839 թ-ին Օսմանյան Թուրքիայում քաղաքական բարեփոխումները, հայերը «բազմաթիվ աղոթատեղիներ են նախագծել եւ կառուցել»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` haberturk.com-ը հայտնում է, որ Թուրքիայի հոգեւոր առաջնորդն այդ հայտարարությունն արել է Յալովայում մի մզկիթի բացման արարողության ժամանակ:

«Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո 80 տարիների ընթացքում թուրքական համալսարանների ճարտարապետական ֆակուլտետները հատուկ մզկիթներ նախագծող ճարտարապետներ չեն պատրաստել, ովքեր կարող էին մզկիթի նախագծի մեջ արտահայտել իսլամի առանձնահատկությունները: Մզկիթները եւ աղոթատեղի են, եւ մեր սրտերը միավորելու վայր: Մյուս կրոնների աղոթատեղիները տաճարներ են, որոնց եւ իսլամական աղոթատեղիների միջեւ սարերի չափ տարբերություններ կան: Մենք մզկիթներում աղոթում ենք մեր աստծո եւ մարգարեի համար, իսկ այլ կրոնների հետեւողները` տաճարների համար»,-ասել է նա:

Թուրքիայի հոգեւոր հոր այդ հայտարարությունը տարակուսանք է առաջացրել թուրքական հասարակության մեջ: Որոշ թուրք վերլուծաբաններ քննադատել են Գյորմեզին` հորդորելով, որ յուրաքանչյուր կրոն պետք է ինքը գնահատի իր աղոթատեղիի նշանակությունը եւ հարցադրել են` միթե քրիստոնյաները եկեղեցիներում չեն աղոթում Աստծուն:

Հայերի կողմից մահմեդական «աղոթատեղիներ» նախագծված եւ կառուցված լինելու մասին խոստովանած Թուրքիայի հոգեւոր առաջնորդը մոռացել է նշել, որ Օսմանյան Թուրքիայում գլխավոր մզկիթները նախագծվել եւ կառուցվել են թուրքերի գլխավոր ճարտարապետ հռչակված հայազգի Սինանի եւ Պալյան ընտանիքին պատկանող ճարտապարպետների կողմից: Այսինքն` մզկիթի մեջ իսլամի առանձնահատկության շեշտադրումը եւ թուրքական հոգեւոր կառույցների` մզկիթների ճարտարապետական ոճը, ինչպես ինքն է նշում, ստեղծել են քրիստոնյա հայերը, ինչի համար թուրք ժողովուրդը պետք է հավերժ պարտական լինի հայերին:

Հայերեն