Հայ-թուրքական կինոպլատֆորմը բացված է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից եւ Թուրքիայից 10 կինոգործիչներ մասնակցում են Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 11-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագիրն իրականացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ինչպես նշեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, հայ-թուրքական կինոպլատֆորմն ամենից գեղեցիկ, ամենից ընկերական ծրագիրն է: «Իհարկե ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե աշխարհում խնդիրներ չկան: Բայց վստահ եմ, որ կինոն բացում է բոլոր դռներն ու ճանապարհները»,- ասաց նա:

Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ներկայացված 25 հայտերից նախընտրական կոմիտեն ընտրել է տասը կինոնախագիծ` յուրաքանչյուր երկրից հնգական: «Եռօրյա սեմինարը ներառում է գործնական աշխատանքներ, նախագծի ներկայացում, անհատական հանդիպումներ հայ եւ թուրք կինոգործիչների միջեւ եւ նախագծի ներկայացում ժյուրիի անդամներին»,- ասաց նա: Տասը ծրագիր եւ մեկ մրցանակ` 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք, սակայն Հարություն Խաչատրյանը խոստացավ, որ ինքը եւս մեկը կավելացնի: «Այդ ֆիլմերը, որ նկարվում են, շատ դռներ են բացում մեր բոլորի առաջ»,- ասաց նա:

Այս տարվա համար ընտրված նախագծերն են Դերյա Դուրմազի «Ծիածան», Զեյնալ Քոչի «Լուռ շիրիմներ», Աշոտ Մկրտչյանի «Սալեմ Աբդուլ-Քարեմ», Գագիկ Հարությունյանի «Մի կյանք, մի սեր», Գագիկ Ղազարէի «Իմ ու քո կիրակին», Օզլեմ Սարըյըլդըզի «Մանուկի ճամփորդությունը», Էլդար Բիլիչիի «Մանուկին փնտրելով», Սյուզան Քալայչի «Ասելիք ունեք», Արսեն Առաքելյանի «Երկխոսություն», Մարիամ Օհանյանի «Հին սոսու ճյուղ»-ը:

Ժյուրիի անդամ Չիգդեմ Մաթերը (Թուրքիա) նշեց, որ համատեղ աշխատանքն իրոք արդյունք տալիս է, չնայած լինում են կարկատաններ: «Մենք չենք կենտրոնանում քաղաքականության վրա եւ անում մեր գործը»,- պարզաբանեց նա: Կինոպլատֆորմը ստեղծվել է 2008 թ-ին թուրքական «Անադոլու Քուլթուրի» եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շնորհիվ` նպատակ ունենալով հիմնել մի ցանց, որի միջոցով երկու երկրների կինոգործիչները կկարողանան համագործակցել միմյանց հետ:

Հայերեն