ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում կլինեն աշխարհահռչակ ռեժիսորներ Ագնեշկա Հոլանդը, Կաննի փառատոնի մրցանակակիր Վիկտոր Էրիսեն եւ Էլդար Շենգելայան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հուլիսի 4-ին հայտնեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով` այս տարի հենց նրանք կարժանանան «Փարաջանովյան թալեր» մրցանակին` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Բացի այդ, փառատոնի շրջանակներում կներկայացվեն Վիկտոր Էրիսեի եւ Էլդար Շենգելայայի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:
«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 8-15-ը: Կպահպանվեն արդեն ավանդույթ դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Ինչպես 2011թ., այս տարի ևս ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ փառատոնը կներառի եւս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք եւ կինո» խորագրով: Կպահպանվեն ավանդական չորս մրցույթները. ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 90 Ֆիլմերը կներկայացվեն Խաղարկային, Վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) եւ «Հայկական համայնապատկեր» բաժիններում: Հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված է երկու` խաղարկային եւ վավերագրական ենթաբաժինների: