1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կայքի ղեկավարությունը խոստացել է հրապարակել այն փաստաթղթերը, որոնք կհաստատեն Շվեդիայի կառավարության նախկին ղեկավար եւ գործող արտգործնախարար Կարլ Բիլդտի համագործակցությունը ԱՄՆ հետախուզության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 22-ին գրել է Expressen պարբերականը: Համաձայն տրամադրած տվյալների` գաղտնի փաստաթղթերից ենթադրվում է, որ Բիլդտը 1973 թ-ից եղել է ԱՄՆ-ի տեղեկատու անձ: Նա հաղորդակցվել է ամերիկյան կառավարության հետ այն մեթոդներով, որոնք հակասում են շվեդական օրենսդրությանը: Թե ինչ գործողություններ կիրականացվեն Բիլդտին մեղադրելու համար, դեռեւս անհայտ է: Սակայն հրապարակման պատրաստվող փաստաթղթերում նշվում են կոնկրետ փաստեր, որոնք վկայում են հօգուտ ԱՄՆ-ի` նախարարի լրտեսության մասին: Պարբերականի թղթակիցը պնդում է, որ հրապարակումից հետո Բիլդտը ստիպված կլինի հրաժարական տալ, իսկ նրա քաղաքական կարիերայի վրա խաչ կդրվի:
Կարլ Բիլդտը ղեկավարել է շվեդական կառավարությունը 1991-1994 թթ-ին: Արտգործնախարարի պաշտոնին անցել է 2006 թ-ին: