1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ն կտրականապես դեմ է Իրանի նկատմամբ ուժային գործողությունների կիրառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 21-ին կայացած Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երեւան-Կիեւ-Քիշնեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մեկն է, որպեսզի հակամարտություն չլինի. Իրանին ընդհանրապես չպետք է հարվածեն»,- նշեց Բորդյուժան:
Հակառակ պարագայում լուրջ ցնցում է կանխատեսվում ողջ տարածաշրջանում: Անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ քաղաքական, տնտեսական, բնապահպանական, միգրացիոն ոլորտներում:
«ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այդ հարցում: Մենք չենք ցանկանում անգամ մտածել հարված հասցնելու մասին»,- ընդգծել է նա: