Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
3 րոպեի ընթերցում

Կանադայի կառավարությունը հունիսի 10-ին ներկայացրել է թվային անվտանգության մասին օրինագիծ, որը նախատեսում է արգելել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական մեդիա՝ բացառությամբ այն հարթակների, որոնք կհամապատասխանեն անվտանգության որոշակի չափանիշների։ Այս նախաձեռնությունը ներկայացվել է ամիսներ անց այն բանից հետո, ինչ Ավստրալիան աշխարհում առաջինը սոցիալական մեդիայի օգտագործման արգելք սահմանեց անչափահասների համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, կանադական օրինագիծը նաև նպատակ ունի ավելի անվտանգ դարձնել արհեստական բանականության չաթբոթերը՝ ստեղծելով թվային կարգավորող մարմին, որը անվտանգության չափանիշներ կսահմանի։
Պահանջները չկատարող ընկերությունները կարող են տուգանվել իրենց համաշխարհային եկամտի 3 տոկոսի չափով կամ մինչև 10 միլիոն կանադական դոլարով (մոտ 7,2 միլիոն ԱՄՆ դոլար)՝ կախված նրանից, թե որ գումարն է ավելի մեծ։
«Սոցիալական մեդիայի հարթակներն ու արհեստական բանականության չաթբոթերը նախագծված են մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Դրանք չեն նպաստում երեխաների առողջ զարգացմանը և բազմաթիվ երիտասարդ կանադացիների համար դարձել են անհանգստության, մեկուսացման, դեպրեսիայի և հոգեկան առողջության այլ խնդիրների աղբյուր», - հայտարարել է Կանադայի ինքնության և մշակույթի նախարար Մարկ Միլերը։
Նրա խոսքով՝ օրենսդրությունը կստեղծի ավելի անվտանգ միջավայր երիտասարդների համար և կօգնի նրանց ավելի շատ շփվել իրական կյանքում։
Օրինագծի ներկայացումը տեղի է ունենում Կանադայում գրանցված զանգվածային հրաձգությունից շաբաթներ անց։ Երկրի ամենասարսափելի զանգվածային հրաձգություններից մեկը համարվող միջադեպից հետո տուժածների ընտանիքները դատական հայց են ներկայացրել արհեստական բանականության առաջատար OpenAI ընկերության դեմ՝ պնդելով, թե ընկերությունը գիտեր ենթադրյալ հարձակվողի ծրագրերի մասին, քանի որ նա իր ծրագրերը քննարկել էր ChatGPT-ի հետ, սակայն ընկերությունն այդ մասին չի տեղեկացրել ոստիկանությանը։
Կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ օրինագծի ընդունումը կարող է տևել մոտ մեկ տարի, իսկ դրանից հետո ևս 18 ամիս կպահանջվի նոր թվային կարգավորող մարմին ստեղծելու համար։
2025 թվականի դեկտեմբերին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը արգելեց սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 16 տարեկանների համար։ Օրենքի ընդունումից մեկ ամիս անց սոցիալական ցանցերը միասին ապաակտիվացրել էին մոտ 5 միլիոն դեռահասի օգտահաշիվներ։
Ֆրանսիան, Դանիան և Լեհաստանը նույնպես քննարկում են երեխաների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակումների խստացման հարցը, իսկ Հունաստանը հայտարարել է, որ մինչև 15 տարեկանների համար նմանատիպ արգելք կսահմանի 2027 թվականի հունվարից։