Իրան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտանիու Գուտերեշը կոչ է արել Մերձավոր Արևելքում վերսկսված հակամարտության բոլոր կողմերին խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ դադարեցնելով ռազմական գործողությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Մերձավոր Արևելքն ավելի ու ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և դրա հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից։ Այս շաբաթն ուղեկցվել է հարձակումների ընդլայնմամբ և իրավիճակի հետագա վատթարացմամբ, երբ հրադադարը պարզապես ենթադրում է կրակի թուլացում։ Մենք չպետք է թերագնահատենք ռիսկերը, որ այդ թուլացած կրակը կարող է լիարժեք պատերազմի վերածվել։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Այլևս ոչ մի հարձակում։ Այլևս ոչ մի արդարացում»,- գրել է Գուտերեշը։

Միացյալ Նահանգները և Իրանը սկսել են փոխադարձ հարվածներ հասցնել իրար։

Մասնավորապես, Թեհրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարվածների, որոնք տեղի են ունեցել Իրանին «ուժգին» հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին նախազգուշացումից հետո։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի վերջին հարձակման ընթացքում պայթյուններ են լսվել Իրանի հարավում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող քաղաքներում։ Ի պատասխան ամերիկյան նոր հարվածների՝ Իրանը հայտարարել է, որ հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածել է նաև Հորմուզի նեղուցով անցնող երկու նավթատար նավի։

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հորմուզի նեղուցը «ամբողջովին փակվում է բոլոր տեսակի նավերի համար»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը «կոշտ կդիմադրի ցանկացած ճնշման կամ սպառնալիքի»։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում