Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
2 րոպեի ընթերցում

Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Իր ուղերձում վարչապետ Ալ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը կնպաստի երկու կողմերի առաջընթացին և բարգավաճմանը: Իրաքի վարչապետն ընդգծել է մարտահրավերներին համատեղ դիմակայելու և տնտեսական ու զարգացման ոլորտներում համագործակցությունը բարելավելու կարևորությունը։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։
Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։
ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։
Այս պահին ընթանում է ձայների վերահաշվարկ, ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին։