Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան
4 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը քաղաքացիների հաշվառումների թեման ուռճացնելն ու դա ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելն անընդունելի է համարում՝ շեշտելով, որ այդպիսի հայտարարությունները մոլորեցնող են և չեն համապատասխանում իրականությանը։
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի այն հայտարարությանը, որ բազմաթիվ հասցեներում 20-ից ավելի քաղաքացիներ են հաշվառված եղել։
Գոհար Մելոյանը հայտնել է, որ ընտրությունների օրը քաղաքացիներից բազմաթիվ զանգեր են ստացել այն մասին, որ իրենց հասցեներում անծանոթ մարդիկ են հաշվառված։ Նա տեղեկացրել է, որ 846 հասցե են առանձնացրել, որոնցում 20 -ից ավելի մարդ է հաշվառված եղել։ Առանձնացվել են նաև հասցեներ, որտեղ 100-ից ավելի անձանց հաշվառում է եղել։ Գոհար Մելոյանի կարծիքով, դա կարելի է որպես ընտրախախտում դիտարկել։
Արձագանքելով Գոհար Մելոյանի հայտարարություններին՝ Նելլի Դավթյանը նշեց, որ ընտրական գործընթացների ամբողջ ընթացքում իրենց կողմից լայնորեն լուսաբանված թեմաներից է եղել հենց հաշվառումների կարգը։
«Այն հաճախ շփոթեցող հայտարարությունների առիթ է տալիս։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ ո՛չ հաշվառված լինելը, ո՛չ էլ հաշվառումից դուրս բերված լինելն ընտրական իրավունքի խախտում չեն։ Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Հայաստանում 2005 թվականին սահմանվել է կարգ, ըստ որի, հաշվառումը կարող է լինել երկու ընթացակարգով՝ փաստացի բնակության հիմունքներով կամ սեփականատիրոջ թույլտվությամբ։ Սա նշանակում է, որ փաստացի բնակության հիմունքներով ոստիկանի կողմից կազմված արձանագրության հիման վրա կատարված հաշվառումը երբևէ չի փոխվում, եթե սեփականատերը կամ ինքը հաշվառված անձը չեն դիմում մեզ։ Այսինքն՝ նույնիսկ եթե անձը մեկ ամիս վարձակալության հիմքով բնակվել է որևէ տանը ու հաշվառվել, ապա այդ հաշվառումը փոխվում է այն ժամանակ մինչև բնակիչն այդ մասին հայտնում է մեզ, կամ սեփականատերն է խնդրում դուրս գրել նրան հաշվառումից»,-ասաց Նելլի Դավթյանը։
Նա ընդգծեց, որ այս հաշվառումները օգնող գործիք են տեխնիկապես կազմելու ցուցակները։ Անձը, որը հաշվառում չունի ՀՀ-ում, կարող է դիմում գրել ու ընդգրկվել իր նախընտրած ընտրատեղամասում և այս կամ այն հասցեում հաշվառված անձը կարող է փոխել իր ընտրատեղամասը կրկին սեփական դիմումի հիման վրա։
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ մի շարք հասցեներում 100-ից ավելի մարդիկ են հաշվառված եղել, ապա Նելլի Դավթյանը նշեց, որ դրանք հիմնականում խնամքի կենտրոններ են և նմանօրինակ տարբեր հաստատություններ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ որևէ սահմանափակում չկա, յուրաքանչյուր սեփականատեր իր հասցեում կարող է գրանցել այնքան մարդ, որքան ցանկանում է։
«Այնպես որ, այս թեման ուռճացնելն ու ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելը բացարձակ ապատեղեկատվություն է և շփոթեցնող ու մոլորեցնող է:
Մենք հաշվառումների ընթացակարգը պատրաստվում ենք վերանայել։ Ես ուրախ եմ հանրային լայն հետաքրքրություն կա հաշվառման կարգի վերաբերյալ, մենք կհասցեագրենք բոլոր մտահոգությունները»,- հավելեց Նելլի Դավթյանը։