2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկ այցելող զբոսաշրջիկներն իրենց հանգիստը համատեղում են սուր զգացողությունների հետ, իսկ հետաքրքրությունը քաղաքի նկատմամբ տարեցտարի աճում է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետի խորհրդական Արփինե Ավետիսյանը, բարեկարգված առողջարանային քաղաքում լեռնադահուկային սպորտի սիրահարների համար գործում են երկու սահուղիներ եւ ամենագնացներ, որոնցով զբոսաշրջիկները ճեղքելով մի քանի մետրի հասնող ձյունը կարող են անցնել ամենաբարձր սարերը: «Ջերմուկը պատրաստ է ամանորին զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար: Մեկ անգամ այցելելով` հաջորդ տարվա համար այցելուները տեղեր են հայտավորում: Ակտիվությունը սկսվում է սեպտեմբերից, նույնիսկ նոյեմբերին առողջարաններում ազատ տեղեր չեն լինում»,-ասաց նա:
Ավետիսյանը նշեց, որ առողջարանները զբոսաշրջիկներով հագեցած են լինում ինչպես Նոր տարվա նախաշեմին, այնպես էլ հետտոնական օրերին:
Քաղաքապետի խորհրդականի խոսքով` ամբողջ տարվա ընթացքում Ջերմուկն ընդունում է 6-7 հազար զբոսաշրջիկ: Տարեցտարի զարգացող առողջարանային քաղաքը նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Ամենաշատն այցելում են Ռուսաստանի Դաշնությունից, մեծամասամբ` սփյուռքահայեր:
Հունաստանից բերված ամանորյա եղեւնին մինչ դեկտեմբերի 28-ը կկանգնեցվի ու կզարդարի Ջերմուկը: Քաղաքի տոնական տեսքը կզարմացնի ինչպես տեղաբնակներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: «Սուրբ Գայանե եկեղեցու մոտ կդրվեն Ծննդյան տոների խորհրդանիշերն ու զարդարանքները, իսկ Ձմեռ պապը` երաժշտության եւ հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, ուրախ գնացքով կշրջի ամենուր` տեսանելի լինելով բոլոր մանուկներին»,- ասաց Արփինե Ավետիսյանը:
Նա նշեց, որ մի քանի ամսվա ընթացքում քաղաքը նոր տեսք է ստացել` փոխվել է ամբողջ լուսավորությունը, որի համար օգտագործվել են մի քանի գույններ: