Պաշտոնական

Հայաստանի բանկային համակարգը չպահանջեց պետության կողմից միջամտություն ճգնաժամին հակազդելու համար. Տիգրան Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկային համակարգը չպահանջեց պետության կողմից միջամտություն ճգնաժամին հակազդելու համար. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղերձ է հղել բանկային աշխատողի օրվա և ՀՀ դրամի թողարկման 18-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը: Այս ամսաթիվը պատմության մեջ ունի իր խորհրդանշական տեղը, քանի որ 1993 թվականի հենց այս օրը ներդրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը: Այսօր մենք միասին տոնում ենք մեր ազգային արժույթի 18-ամյակը: Ինչպես ցանկացած պատանի, այնպես էլ դրամն ունեցել է բազմաթիվ դժվարություններ իր կայացման ճանապարհին, բանկային համակարգի ձևավորման հետ զուգահեռ կայացել է նաև ազգային արժույթը:

Ձեր շնորհիվ է, որ բանկային համակարգը Հայաստանում դարձել է մեր տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկը: Իր գոյության շուրջ երկու տասնամյակի ընթացքում այն ունեցել է վերելքներ և նույնիսկ ճգնաժամային' 2009 թվականի ընթացքում ցուցաբերել է իր ունակությունը՝ դիմակայելու համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ միջավայրի մարտահրավերներին: Հայաստանի բանկային համակարգը սակավաթիվներից էր ԱՊՀ-ում և նույնիսկ ամբողջ աշխարհում, որը չպահանջեց պետության կողմից որևիցե միջամտություն ճգնաժամին հակազդելու համար:

Ձեր շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունում բանկային համակարգի ռիսկերը միջազգային լավագույն պրակտիկայի համաձայն միշտ գտնվել են կառավարելիության թույլատրելի միջակայքերում: Դրա մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից բանկային համակարգի նկատմամբ դրսևորվող վստահության աճը: Դրա վառ ապացույցը վերջին երկու տարիների ընթացքում ավանդների ընդհանուր ծավալի կայուն աճն է, որի' 2011 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշը գերազանցում է 2009 թվականի նույն ամսվա ցուցանիշը' 76 տոկոսով: Համանման դրական դինամիկա ունեն նաև բանկային համակարգը բնութագրող այլ ցուցանիշներ, մասնավորապես, աճել են վարկավորման ծավալները, նվազել են տոկոսադրույքները և այլն:

Սակայն, այս բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ, անելիքներն այս ոլորտում բազմաթիվ են: Պետք չէ մոռանալ նաև, որ բանկային համակարգի վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ տնտեսության դինամիկ զարգացման մեջ մեծ դեր ունի հենց այս ոլորտը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բանկային աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ' մաղթում եմ նրանց նորանոր ձեռքբերումներ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում