5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնից ստացված հրահանգով' ադրբեջանական մամուլը կրկին անդրադարձել է իր դիվանագիտական հաղթանակին' գուցե նպատակ ունենալով գոտեպնդել Կազան մեկնող իր բարձրաստիճան պատվիրակությանը:
News.az-ի «ՄԱԿ-ի անդամ երկրները մերժեցին Հայաստանի հիմնավորումը ժողովուրդների ինքնորշման հարցում» ախորժալի խորագրով տեղեկատվությունը, կամ, ավելի ճիշտ, ապատեղեկատվությունը հերթական անգամ պարտադրվեց Ադրբեջանի հասարակական կարծիքին' թե իբր ՄԱԿ-ում այդ երկրի «ակտիվ աշխատանքի» արդյունքում հաջողվել է ընդունել մի բանաձեւ, որը կարեւորում է տարածքային ամբողջականությունը եւ մերժում ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի դիվանագետների աշխատանքի որակի մասին կխոսենք ավելի ուշ, նախ փորձենք պարզել, թե ինչ է կատարվել ՄԱԿ-ի կենտրոնատեղիում, հունիսի 22-ին:
Այո, պարզվում է, որ իսկապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում կոնսենսուսով (ընդհանուր համաձայնությամբ) ընդունվել է «Հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման հարցում միջնորդության ամրապնդման դերը» խորագրով Թուրքիայի ու Ֆինլանդիայի նախաձեռնած բանաձեւը, որում ներառված են տարածքային ամբողջականության, գաղութային տիրապետության եւ օտարերկրյա զավթման տակ գտնվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին դրույթներ: Սակայն, բանաձեւի այս եւ մյուս բոլոր դրույթները ոչ մի առնչություն չունեն Ադրբեջանի հետ, քանի որ դրանք տեքստում ներառվել են Կուբայի ու արաբական մի շարք երկրների պահանջով: Մենաշնորհման անհաջող այս փորձով, սակայն, Բաքվի քարոզչությունը չի բավարարվում: Այն շարունակում է աղավաղված ներկայացնել հունիսի 22-ի ԳԱ-ի նիստի ընթացքը' խոսելով հնարովի քննարկումների մասին, որոնց ընթացքում անդամ երկրներն իբրեւ թե մերժել են Հայաստանի ու «բարձր մակարդակով սատարել Ադրբեջանի դիրքորոշումը»: Իրականում, ԳԱ նիստում Հայաստանի դեսպանի պահանջով Ադրբեջանի պատվիրակությանը զրկել են խոսքի իրավունքից' այսպիսով վերջինիս թողնելով միայն մեկ հնարավորություն' իր ցնորդությունները ներկայացնել միայն ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով:
Բանաձեւի ընդունումից հետո, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել' անդրադառնալով տեքստում տեղ գտած կոպիտ բացթողումներին, այդ թվում' ժողովուրդների ինքնորոշման իրավունքը սամանափակող դրույթին, ու այդ պատճառով հայտարարել բանաձեւի ընդունման որոշմանը չմիանալու Հայաստանի դիրքորոշման մասին:
Ի դեպ, նշենք, որ ՄԱԿ-ում ու միջազգային այլ կառույցներում մշտապես քննարկում ու միաձայն ընդունվում են ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքը կարեւորող բանաձեւեր: Վերջիններից են 2010թ. նոյեմբերին ԳԱ-ի կողմից ընդունված «Ժողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականացումը» խորագրով բանաձեւը, որը վերահաստատում է եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին:
Նյու Յորքում նաեւ անցած տարի ընդունվել է մեկ այլ բանաձեւ, որն առնչվում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համաժողով կազմակերպության միջեւ համագործակցությանը, որի համաձայն' նշված երկու միջկառավարական կառույցները կշարունակեն համագործակցությունը' ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, որպիսիք են' միջազգային խաղաղության եւ անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ու ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը:
Ուշագրավ է նաեւ, որ մեկ ամիս առաջ Բալիում (Ինդոնեզիա) կայացած Չմիավորման Շարժման երկրների նախարարական գագաթնաժողովն ընդունեց հռչակագիր, որն ընդգծում է անխտիր բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը' առանց որեւէ սահմանափակման:
Չգիտես ինչու' Ադրբեջանի դիվանագիտությունը դրանց մասին լռում է:Պարզ է, որ այս եւ չնշված բազմաթիվ այլ բանաձեւերի ընդունումը Բաքվի ակտիվ դիվանագիտական աշխատանքի արդյունք չէ: Միջազզային հանրությունը շարունակում է արհամարել Ադրբեջանի դատարկ փաստարկները եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը սահմանափակելու անհաջող փորձերը: Այս ամենից հետո պաշտոնական Բաքվի «հաղթանակների» միակ սպառողը մնում է տեղական մամուլը: