2 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրացավ «Ինտերկապ» բարեգարծական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը: Կենտրոնի ջանքերով 11 խաչքար է տեղադրվել Եվրոպայի տարբեր երկրներում, «Ինտերկապ»-ի հովանավորությամբ լոռեցի 10 երեխա սովորել է Վենետիկի «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանում, իսկ արցախյան պատերազմի ծանր տարիներին կամավորական ջոկատներին ցուցաբերվել է մեծածավալ օգնություն:
«Ինտերկապ»-ի նախաձեռնությամբ 1999 թվականից ի վեր Լոռու մարզի 22 երախտավորների հանձնվել է «Լոռվա ասպետ» պատվո նշանը, որոնց թվում են Ալբերտ Ազարյանը, Շավարշ Կարապետյանը, Վախթանգ Դարչինյանը, Սոս Սարգսյանը, Արտավազդ Փելեշյանը, այլոք: Այս տարի Լոռվա ասպետների թիվն ավելացավ եւս 5-ով: Այս անգամ պատվո նշանի ասպետ դարձան Արկադի Մարտիրոսյանն ու Կամո Հովհաննիսյանը` արցախյան հերոսամարտին քաջաբար մասնակցելու, Հայոց ազգային բանակի կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար, Էդվարդ Խլղաթյանը` սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանն ակտիվ մասնակցելու, հանրային բարեգործությունների, Լոռու մարզի մշակույթի գործիչներին հնարավորինս աջակցելու, Վիլյամ Պողոսյանը (Վան Արյան)` հրատարակչական, գրական եւ հանրային ասպարեզներում ունեցած ներդրման, Սամվել Խալաթյանը` դրամատուգիայի, արձակի եւ երգիծանքի ժանրերում ակնառու ձեռքբերումների համար:
Պատվո նշանները հանձնվեցին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի եւ «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանի, ինչպես նաեւ նախորդ տարիներին այս կոչմանն արժանացած գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի եւ գրականագետ Մելս Սանթոյանի կողմից: Նորընծա ասպետներն իրենց երախտագիտության խոսքն ասացին, իսկ ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի նախագահ Ռազմիկ Մադարյանը Երկրապահ կամավորական միությանը մշտապես աջացկելու համար եւ «Ինտերկապ»-ի 20-ամյակի առթիվ պատվոգիր հանձնեց կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանին: