Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է միտրոպոլիտ Կիրիլին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Ռուս ուղղափառ եկեղեցու Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվելու առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, նամակում Վեհափառ Հայրապետը նախ իր ուրախությունն է հայտնել այս ընտրության առիթով` ընդգծելով միջեկեղեցական բնագավառում իրենց անձնական բարեկամությունն ու սերտ գործակությունը: Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ նորընտիր պատրիարքը միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների ոլորտում իր ունեցած հարուստ փորձառությամբ նոր էջ կբացի Ռուս ուղղափառ եկեղեցու ժամանակակից պատմության մեջ: Նորընտիր պատրիարքի գահակալության արարողությանն Անթիլիասից կմասնակցի հատուկ պատվիրակություն, որի կազմում կլինեն Հյուսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյանը եւ կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժանմունքի վարիչ Նարեկ եպս. Ալեմեզյանը:

Հայերեն