Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանների եւ աշխարհական հայորդիների ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Մայր Աթոռում Արամ Ա կաթողիկոսին դիմավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Եղբայրական ողջագուրումից հետո Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո եկեղեցականների հանդիսավոր թափորով Ամենայն Հայոց Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը առաջնորդվել են Մայր Տաճար: Միածնաէջ սրբավայրի Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվել է սաղմոսերգություն եւ գոհաբանական աղոթք, ապա Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը բարիգալստյան խոսքով դիմել է Արամ Ա կաթողիկոսին եւ իրեն ուղեկից անձանց: Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել, որ Աստված նման առիթներ է շնորհում մեկտեղվելու Մայր Աթոռում, ծնրադրելու եւ աղոթելու միասնաբար միաբանների հետ Իջման Սուրբ Սեղանի առջեւ: Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ աղոթք է վերառաքել առ Աստված Հայոց Եկեղեցու եւ նրա նվիրապետական Աթոռների անսասանության եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում եկեղեցու առաքելության արդյունավորման համար: Վեհափառը հայցել է Բարձրյալին խաղաղ ու բարգավաճ պահել Հայրենի երկիրը, հայոց Արցախ աշխարհը եւ ի սփյուռս աշխարհի համայն հայ ժողովրդին: Ապա Սուրբ Էջմիածնում եւ Հայրենիքում գտնվելու առիթով իր ուրախությունն է հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Նորին Սրբությունը վերհաստատել է անհրաժեշտությունը շարունակելու միասնաբար գործել, ծառայել հայ ժողովրդին, եկեղեցուն եւ հայրենիքին, միասնաբար դիմագրավել բոլոր դժվարություններն ի սեր հայրենիքի զորացման: Արամ Ա կաթողիկոսը մաղթել է, որ Աստված առավել պայծառացնի Մայր Աթոռը եւ Հայոց Եկեղեցին, անսասան ու հզոր պահի Հայրենիքը, միակամ ու հզոր` հայ ժողովրդին: Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը այցելել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորակցությունը Հայրենի պետությանը: Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը եղել են նաեւ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Հայոց ցեղասպանության թանգարանում: Հուշահամալիրում ծաղկեպսակներ զետեղելուց հետո անմար կրակի մոտ կատարվել է հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1915թ. Եղեռնի անմեղ նահատակների:

Հայերեն