Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման հրամայականի մասին

2 րոպեի ընթերցում

ՎԱՏԻԿԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսաներորդ դարը տառապանքի եւ նահատակության դար է եղել հայ ժողովրդի համար, բայց ժողովուրդը, շնորհիվ իր հավատքի, մնացել է կանգուն: Այս մասին ասել է Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը` Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպմանը: Վեհափառ Հայրապետն իր հերթին անդրադառնալով հոգեւոր, բարոյական եւ քաղաքական բնագավառներին, նշել է, որ մարդկությունն այսօր բարոյական արժեքների անկում է ապրում, ճշմարիտ խաղաղությունը հեռու է ներկա աշխարհից եւ դեռ կան անարդարության զոհ դարձած ժողովուրդներ: Այս համատեքստում Վեհափառ Հայրապետը նշել է Հայոց ցեղասպանության ճանաչման հրամայականը եւ «նման տագնապների հանդեպե կարեւորել եկեղեցիների համագործակցությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Կիլիկիո կաթողիկոսությունից, արարողությունից հետո, Սրբազան Պապը ողջունել է Վեհափառ Հայրապետի այցելությունը Վատիկան` հիշելով, որ կաթողիկոսի առաջին այցը եղել է Հովհաննես Պողոս Բ Պապի օրոք, որի ժամանակ ստորագրվել է նաեւ համատեղ հայտարարություն: Բենեդիկտոս 16-րդ Պապը խոսել է նաեւ Կիլիկյան շրջանի մեծ դեմքերից Ներսես Շնորհալու եւ Ներսես Լամբրոնացու մասին, որոնք կարեւոր դեր են կատարել միջեկեղեցական հարաբերություններում: Պապը խոսել է նաեւ Լիբանանում եւ ընդհանրապես Միջին Արեւելքում քրիստոնեության ներկայության եւ դիմագրաված մարտահրավերների մասին: Նա իր բարեմաղթանքներն է հղել ամբողջ հայ ժողովրդին: Վեհափառ Հայրապետը շեշտել է միջկրոնական երկխոսության անհրաժեշտությունը` նկատելով, որ ուրիշներին հարգելը չի նշանակում հեռանալ սեփական արժեքներից, ավանդույթներից եւ ինքնությունից: Նա ընդգծել է, որ հակառակ գոյություն ունեցող դավանաբանական, եկեղեցաբանական ու աստվածաբանական տարբերությունների` եկեղեցիները պետք է միասին գործեն` հավատարիմ մնալով Քրիստոսի պատգամին: Սրբազան Պապն ու Վեհափառ Հայրապետը Վատիկանի եկեղեցում մասնակցել են հատուկ այս առիթով նախատեսված եկեղեցական արարողությանը:

Հայերեն