2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան):Այս տարվա հունվար- նոյեմբեր ամիսների ընթացքում մայրաքաղաքում առաջնային օղակի բուժսպասարկումից օգտվել է 1,6 միլիոն մարդ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 24 տոկոսով: (Հիշեցնենք, որ 2006թ-ի հունվարի 1-ից պոլիկլինիկաներում ամբուլատոր բուժսպասարկումն անվճար է): Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանն այսօրվա ճեպազրույցում արդյունավետ գնահատեց ներդրված համակարգը` նշելով, որ այն ծառայել է իր նպատակին` հիվանդությունների ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը: Հաջորդ տարվա սկզբից ծրագրի արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով որոշվել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն ընտրի այն թերապեւտին, որի մոտ ցանկանում է ստուգում անցնել: Երեւանում աշխատում է 623 տեղամասային թերապեւտ: Ա.Սողոյանը տեղակացրեց, որ նրանց մի մասն արդեն վերապատրաստվել է, մյուսները պետք է վերապատրաստվեն մինչեւ 2009թ-ը: Ըստ նրա` ավելանալու է ոլորտի բյուջետային ýինսավորումը. այս տարի մայրաքաղաքի առաջնային օղակի բուժսպասարկմանը հատկացվել է 14,3 միլիարդ դրամ, 2007-ի համար նախատեսվում է 16,1 միլիարդ: Մահացության ցուցանիշը մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ նվազել է 7,7 տոկոսով` 2005-ին արձանագրվել է 7 հազար 400, 2006-ին` 6 հազար 900 դեպք: Նույն ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 13 հազար 181 երեխա` նախորդ տարվա 12 հազար 675-ի փոխարեն: