Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներկայացվող ոչ հավաստի հաշիվ-ապրանքագրերի թիվը հունվար-նոյեմբերին նվազել է
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմիններին ներկայացվող ոչ հավաստի հաշիվ-ապրանքագրերում ՀՀ մաքսային պետական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում այս տարվա հունվար-նոյեմբերին հիմնականում արտացոլվել է ապրանքների իրական մաքսային արժեքը: Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում նշեց ՄՊԿ արարատյան տարածաշրջանային մաքսատան մաքսասակագնային եւ մաքսային ձեւակերպումների բաժնի պետ Սամվել Ավետիքյանը, դեռեւս 2005թ-ին ՀՀ նախագահի կողմից հանձնարարական էր տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել նշված խնդրին, քանի որ ապրանքի մաքսային արժեքի որոշումը կարեւորվում է իրական արտաքին առեւտրի հաշվեկշիռ կազմելու համար: «Հայտարարատուները, համոզված լինելով, որ իրենց կողմից ներկայացվող կամայական արժեքով հաշիվ-ապրանքագրերը չեն կարող հիմք ընդունվել, սկսել են ներկայացնել ճիշտ հաշիվ-ապրանքագրերե,- ասաց Ս. Ավետիքյանը: Նշենք, որ ոչ հավաստի հաշիվ-ապրանքագրեր են ներկայացնում հիմնականում Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՊՀ երկրներից, ներկրվող ապրանքների, գլխավորապես` շինանյութի, կահույքի, կենցաղային տեխնիկայի, տնտեսական իրերի համար: Ս. Ավետիքյանի խոսքերով` ՄՊԿ աշխատակիցներն ապրանքների իրական մաքսային արժեքները որոշելու համար տարվա ընթացքում բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացրել հանրապետության շուկաներում: Ներկայումս գոյություն ունի ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային արժեքի որոշման վեց մեթոդ (մասնավորապես` ներքին շուկայում իրացվող ապրանքի միավորի արժեքի հիման վրա, հաշվարկային եւ պահուստային մեդթոդներ եւ այլն):