Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres

4 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցության առաջարկը, որն այսօր ներկայացրել է «Մեր կուսակցություն» քաղաքական ուժի առաջնորդ Ռենատո Ուսատին, ստացել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը:

Ուսատին առաջարկում է Ռումինիայի հետ բանակցել երկկողմ մեխանիզմի ստեղծման շուրջ, մինչդեռ Գրոսուն կարևորում է Ռումինիայի և Ուկրաինայի հետ քննարկումները՝ պաշտպանական կարողություններն ամրապնդելու նպատակով։

Իգոր Գրոսուն հայտարարել է, որ աջակցում է ինչպես Ռումինիայի, այնպես էլ Ուկրաինայի հետ համագործակցությանը՝ նշելով, որ երկու երկրներն ունեն կարողություններ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել Մոլդովայի օդային տարածքի պաշտպանությանը։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Ռումինիան ունի օդային տարածքի վերահսկման և օդային թիրախների որսման ավելի բարձր տեխնիկական հնարավորություններ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շնորհիվ, մինչդեռ Ուկրաինան մշակել է անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների որսման ավելի մատչելի տեխնոլոգիական լուծումներ։

«Ես աջակցում եմ նման քննարկումներին», - ասել է Իգոր Գրոսուն՝ նշելով, որ Մոլդովայի և Ուկրաինայի իշխանությունները մշտական կապի մեջ են օդային տարածքով առանց թույլտվության իրականացվող թռիչքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցով։

Պաշտոնյան հայտնել է, որ մտադիր է տեղեկանալ երկու երկրների հետ քննարկումների ներկա փուլի մասին։

Նոյեմբերի 19-ի առավոտյան Ուսատին առաջարկել էր անհապաղ ստեղծել Մոլդովայի և Ռումինիայի միջև երկկողմ մեխանիզմ՝ օդային տարածքի պաշտպանության համար։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը պետք է նախատեսի ռադիոտեղորոշիչ տվյալների օպերատիվ փոխանակում, վաղ նախազգուշացում, ինչպես նաև հստակ ընթացակարգեր, որոնց համաձայն ռումինական ավիացիան կարող է որսալ և անհրաժեշտության դեպքում չեզոքացնել առանց թույլտվության Մոլդովայի օդային տարածք մուտք գործող անօդաչու թռչող սարքերը։

Պատգամավորը նաև իշխանություններին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, օդային տարածքի խախտումներին վերջ տալու նպատակով։

Միևնույն ժամանակ նա կառավարությանը հորդորել է բանակցություններ սկսել Ռումինիայի հետ և խորհրդարանին ներկայացնել հնարավոր համաձայնագրի իրավական հիմքերն ու պայմանները։

Նոյեմբերի 17-ի կեսօրից հետո յոթ անօդաչու թռչող սարք առանց թույլտվության հատել է Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը։ Իշխանությունների տվյալներով՝ դրանցից վեցն ընկել են երկրի տարածքում:

Նոյեմբերի սկզբից արձանագրվել է Մոլդովայի օդային տարածքի ապօրինի խախտման 14 դեպք, իսկ 2026 թվականի սկզբից դրանց թիվը գերազանցել է 80-ը։ 2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Մոլդովայի իշխանություններն արձանագրել են նման 118 միջադեպ։

Օդային տարածքի կրկնվող խախտումների կապակցությամբ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 18-ին բողոքի նոտա է հանձնել երկրում Ռուսաստանի կողմից նշանակված դեսպան Օլեգ Օզերովին։

Հայերեն

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Բուլղարացի աստղագետը մասնակցել է Երկրի մերձակայքում երեք աստղից բաղկացած հազվագյուտ աստղային համակարգի հայտնաբերմանը. BTA

Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն

Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած գործարար պատվիրակությանը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -19/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 19/11/26

Վան Գոգի «Ծաղկող շագանակենին» կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով