Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացմանը եղել է հրատապ արձագանք
3 րոպեի ընթերցում
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացմանը ծառայողներն ու բժշկական սպասարկում իրականացնող անձինք հրատապ արձագանքել են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում առկա տեսախցիկներն արձանագրել են դեպքի մանրամասները։
«Փառք Աստծո, որ մենք քրեակատարողական հիմնարկում ունենք տեսախցիկ, որը հստակ արձանագրել է, թե ինչ հաճախականությամբ են ծառայողները մոտեցել խցին, ինչ արագությամբ է եղել արձագանքը, երբ է գրանցվել շտապօգնության կանչը և երբ է ժամանել շտապօգնությունը»,- նշել է Գալյանը։
Նախարարը նշել է, որ անձը մինչև քրեակատարողական հիմնարկում հայտնվելը՝ դատական նիստի ընթացքում, առողջության հետ կապված որևէ բողոք կամ դիտարկում չի ներկայացրել։ Հիմնարկում գտնվելու ընթացքում նույնպես առողջական վիճակի հետ կապված անհանգստություն չի հայտնել, և չկա փաստաթղթավորված որևէ ազդակ, որ նա իրեն վատ է զգացել։
«Ինքնազգացողության վատացումը տեղի է ունեցել հենց դեպքի օրը՝ առավոտյան, ինչին ծառայողները և բժշկական սպասարկում իրականացնող անձինք հրատապ կերպով արձագանքել են։ Մահը, ըստ արձանագրված փաստի, վրա է հասել սուր սրտային անբավարարությունից։ Սրանք փաստեր են»,- ասել է նախարարը։
Գալյանի խոսքով՝ շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ է մուտք գործել 16 րոպեի ընթացքում, իսկ մահը վրա է հասել պատգարակի վրա։ Նախարարը հավելել է, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է իրականացվում, և քննությունը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում։
46-ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ի առավոտյան, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության ներկայացրած տվյալներով՝ ինքնազգացողության վատթարացումից հետո նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել հերթապահ բուժակը։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է կենսաբանական մահը։ Ծառայությունը հայտնել է նաև, որ Գևորգյանը հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական գանգատներ չէր ներկայացրել։ Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գևորգյանը հոկտեմբերի 21-ից կալանավորված էր ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։