2 րոպեի ընթերցում
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ արքայադուստր Քեյթը, եռօրյա այցով ժամանել են Հնդկաստանի Մումբայ քաղաք։ Այցի շրջանակում նրանք կմասնակցեն բնապահպանական միջազգային Earthshot Prize 2026 մրցանակաբաշխությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա Ուելսի արքայադստեր ամենահագեցած արտասահմանյան այցն է 2024 թվականից ի վեր, երբ Քեյթի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։
Earthshot Prize մրցանակաբաշխությունը լինելու է այցի գլխավոր նպատակը։ Մրցանակը 2020 թվականին հիմնադրել է արքայազն Ուիլյամը՝ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին աջակցելու նպատակով։ Հինգ հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 1.3 միլիոն դոլար)՝ իր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
Մումբայում արքայազնն ու արքայադուստրը կմասնակցեն նաև հնդկական կինոյի և կրիկետի աստղերի մասնակցությամբ միջոցառումների։ Այցի վերջին օրը նրանք կմեկնեն Նյու Դելի, որտեղ հանդիպում կունենան Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Ուիլյամի և Քեյթի նախորդ համատեղ այցը Հնդկաստան տեղի է ունեցել 10 տարի առաջ՝ 2016 թվականին։
44-ամյա Քեյթը քաղցկեղի պատճառով քիմիաթերապիայի կուրս է անցել, որից հետո զգալիորեն կրճատել է իր պաշտոնական պարտականությունների շրջանակը։
Այժմ, գտնվելով ռեմիսիայի փուլում, նա աստիճանաբար ավելացնում է հանրային միջոցառումներին իր մասնակցությունը։ Նա մինչ այժմ չէր միացել Ուիլյամին նրա նախորդ արտասահմանյան այցերի ընթացքում։