Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից, Պապոյանը հանդիպման ընթացքում կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված արդյունավետ գործակցությունը և բարձր գնահատել շարունակական աջակցությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղությունների զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև գործակցության ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները, նաև 2027 թվականի համար նախատեսվող նոր ծրագրերի ձևավորման առաջնահերթությունները։
Կողմերը քննարկել են նաև թվային գյուղատնտեսության զարգացմանը, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրի խթանմանը, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապերի բարելավման հնարավորություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել կլիմայական փոփոխություններին հարմարվողական գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը, գյուղատնտեսական արժեշղթաների կատարելագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, նաև կլիմայական և բնապահպանական կայունության ապահովմանը։ Երկուստեք կարևորվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը՝ ուղղված ներդրումային ծրագրերի ձևավորմանն ու Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։