Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 12-ի առավոտյան ժամանել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել է Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՆՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի բանագնացների հետ կհանդիպի օրվա առաջին կեսին։

Ավելի վաղ Քուշները հայտարարել էր, որ Ուիթքոֆի հետ մեկնելու է Մոսկվա։ Նրա խոսքով՝ իրենք մտադիր են Ռուսաստանի նախագահի հետ քննարկել նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում բարձրացված հարցերը։

Մոսկվա այցից հետո Ուիթքոֆն ու Քուշները մտադիր են մեկնել Դուբլին՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունները Աբու Դաբիում երկու օր տևած խաղաղության բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջ։ Սակայն ԱՄՆ միջնորդները հայտնել են, որ մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ տարածքային խնդիրների շուրջ տարաձայնությունները պահպանվում են։

Նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան՝ խաղաղության բանակցությունների ավարտից մեկ օր անց Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել մայրաքաղաքներին։

Reuters-ի թղթակիցը հայտնել է, որ պայթյուններ են լսվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք քաղաքում ավերածություններ կան։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են դեպի Մոսկվա ուղևորվող հինգ անօդաչու թռչող սարք։

Հայերեն Русский

Ֆրանսիայի պատվո պահակախմբի անդամը Ելիզեյան պալատում ուշագնաց է եղել Սլովակիայի նախագահի դիմավորման ժամանակ

Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում

Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել երկրում նոր ռազմածովային բազայի կառուցումը

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել

ՆԳՆ-ն կոչ է անում օգտվել «Road Control» հավելվածից և նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մոսկվայում հանդես է եկել ներկայացմամբ

Հայաստանի՝ Միջին միջանցքին ինտեգրումը կհանգեցնի ՀՆԱ-ի և զբաղվածության ցուցանիշների ավելացման․ անդրադարձ Համաշխարհային բանկի զեկույցին

Հայաստանը և ԵՄ-ն թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններով են փոխանակվել

Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի բավականաչափ սկզբունքային և համարձակ. Անահիտ Մանասյան