Աղվեսը գողացավ չրերը, իժը թաքնվեց մեքենայի անիվի մեջ. Բերտա Մարտիրոսյանի հանդիպումները վայրի բնության հետ
12 րոպեի ընթերցում
Վայրի բնություն լուսանկարելը ոչ միայն համբերություն ու մասնագիտական հմտություններ է պահանջում, այլև անակնկալներով լի հանդիպումներ է պարգևում։ Վայրի բնության լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանը մի անգամ հեռվում աղվես է նկատել և լուսանկարելու համար թողել պայուսակն ու մոտեցել կենդանուն։ Հեռվից նկատել է, որ աղվեսը բերանում պլաստիկ տոպրակ է պահում: Մտածելով, որ կենդանին սոված է, և ուտելիք է փնտրում վերադարձել է պայուսակից իր մոտ մշտապես պահվող չրերը կենդանուն հյուրասիրելու, բայց մոտենալով՝ լուսանկարիչը հասկացել է, որ կենդանին գողացել է իր պայուսակի մեջ եղած չրերը։ Աղվեսը, փաստորեն, ինքն է հյուրասիրել իրեն՝ առանց սպասելու լուսանկարչի առաջարկին։
Բերտա Մարտիրոսյանն արդեն շուրջ 16 տարի զբաղվում է լուսանկարչությամբ, իսկ վերջին 6-7 տարիներին մասնագիտացել է վայրի բնության, հատկապես՝ թռչունների լուսանկարչության մեջ։ Նրա նպատակը միայն գեղեցիկ կադրեր ստանալը չէ. լուսանկարների միջոցով նա ցանկանում է մարդկանց ավելի մոտեցնել Հայաստանի բնությանն ու ներկայացնել այն կենդանիներին, որոնց մասին շատերը հաճախ անգամ տեղեկություն չունեն։
Բնության հանդեպ սերը միավորեց երկու հետաքրքրություն
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Բերտա Մարտիրոսյանը նշեց, որ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել հետաքրքրությունից դրդված, սակայն սկզբում փորձել է տարբեր ուղղություններ։ Թեև միշտ սիրել է բնությունը, երկար ժամանակ այդ սերն ու լուսանկարչությունը չէին հատվում։
Մոտ վեց տարի առաջ նա մասնակցել է թռչունների ճանաչման դասընթացների, ինչից հետո սկսել է ուսումնասիրել Հայաստանի թռչնաշխարհը։ Սկզբում թռչունների տեսակները ճանաչելը բավականին բարդ է եղել. նրան թվացել է, թե որոշ տեսակներ միայն գրքերում են հանդիպում, ոչ թե իրական բնության մեջ։
Ժամանակի ընթացքում քաղաքից դուրս կատարած այցերն ու լուսանկարչությունը նրան օգնել են ճանաչել թռչուններին։ Լուսանկարները տուն բերելով՝ նա մոտիկից ուսումնասիրել է դրանք, համեմատել առանձնահատկությունները և սովորել տարբերակել տեսակները։
«Իմ երկու հոբբիները միավորվեցին։ Կարելի է ասել՝ սկսեցի ավելի պրոֆեսիոնալ զբաղվել հենց կենդանիների, մասնավորապես՝ թռչունների լուսանկարչությամբ»,- նշեց նա։
Տարիների ընթացքում փոխվել է նաև լուսանկարչական տեխնիկան։ Քանի որ Հայաստանում կենդանիները հաճախ խուսափում են մարդկանցից, նրանց մոտենալն ու մոտիկից լուսանկարելը դժվար է։ Հետևաբար, վայրի բնության լուսանկարչության համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա, հատկապես՝ հեռահար օբյեկտիվներ:
Լավ կադրի համար միայն լուսանկարչական սարքը բավարար չէ
Վայրի բնության լուսանկարչության մեջ հաջողության հասնելու համար կարևոր է ոչ միայն տեխնիկան, այլև կենդանիների վարքագծի ու կենսակերպի իմացությունը։ Մարտիրոսյանի խոսքով՝ եթե լուսանկարիչը նախապես չուսումնասիրի՝ որտեղ և երբ կարելի է հանդիպել այս կամ այն տեսակին, որոնումները կարող են երկար տևել և արդյունք չտալ։
«Եթե ուղղակի վեր կենաս ու գնաս անհայտ ուղղությամբ՝ ինչ-որ տեսակ փնտրելու և չիմանաս՝ կոնկրետ որ շրջանում պետք է փնտրես, դա կարող է անվերջ տևել, ու դու երբեք չտեսնես կենդանուն։ Նախապես պատրաստված լինելը, տեսակի մասին ուսումնասիրելը, կարդալը, հարցուփորձ անելը շատ է օգնում, որ մաքսիմալ արդյունավետ օգտագործես ժամանակը»,- ասաց լուսանկարիչը։
Նա նախապես ուսումնասիրում է՝ տարվա որ եղանակին որ տեսակն է Հայաստանում, արդյոք թռչունը դեռ չի չվել կամ արդեն վերադարձել է, ինչ ճանապարհով է տեղաշարժվում և եղանակային տարբեր պայմաններում ինչ վարքագիծ է դրսևորում։
«Այդ գիտելիքները հատկապես կարևոր են հազվագյուտ տեսակների դեպքում։ Երբեմն տարիներ են պահանջվում որոշ թռչունների առաջին լուսանկարը ստանալու համար, իսկ հազվադեպ հանդիպող տեսակների հետ իմ հանդիպումները հիմնականում պատահական են եղել։
Այդպիսի օրինակներից է Անդրկովկասյան փասիանը։ Ես ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել, սակայն նախապես ձեռք բերած փորձի և պատրաստվածության շնորհիվ կարողացել եմ լավ կադր ստանալ»,- ասաց նա:
Միաժամանակ, նույնիսկ մանրակրկիտ պատրաստվածությունը չի երաշխավորում հաջողություն։ Երբեմն հնարավոր է ժամերով փնտրել կենդանուն, լսել նրա ձայնը, բայց չկարողանալ տեսնել՝ լանդշաֆտի առանձնահատկությունների, մեծ հեռավորության կամ լուսավորության պատճառով։
Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու դրա պահպանման մարտահրավերները
Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը հարուստ կենսաբազմազանություն ունի, սակայն կենդանիների քանակի և նրանց կենսամիջավայրերի պահպանության հարցում իրավիճակն այնքան էլ լավ չէ։
«Խնդիրներից մեկը գյուղատնտեսական գործունեության հետևանքով բնության վրա գործադրվող ճնշումն է։ Վարելահողերի ընդլայնումը կարող է հանգեցնել կենսամիջավայրերի քայքայման, իսկ անասնապահությունը, հատկապես՝ ոչխարաբուծությունը, լրացուցիչ խնդիրներ է ստեղծում բարձրադիր գոտիներում։
Մեծ քանակով կենդանիների արածեցումը վնասում է բուսական աշխարհին, իսկ հովիվների ուղեկցող շները կարող են վտանգ ներկայացնել վայրի կենդանիների համար։ Նաև մտահոգիչ եմ համարում այն, որ որոշ դեպքերում կենդանիների նկատմամբ բռնությունն ու դրանց ոչնչացումը շարունակում են մնալ տարածված երևույթներ»,- ընդգծեց լուսանկարիչը:
Հայաստանի կենսաբազմազանության հարստությունը, նրա խոսքով, պայմանավորված է նաև աշխարհագրական դիրքով ու լանդշաֆտային գոտիների բազմազանությամբ։ Երկրում հանդիպում են ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական տարածքներին բնորոշ տեսակներ։ Հայաստանը նաև թռչունների միգրացիոն ուղիներից մեկի մաս է կազմում։
«Հայաստանը, որի տարածքը բավականին փոքր է, ունի ավելի քան 350 տեսակի թռչուն, մինչդեռ ամբողջ Եվրոպայում հանդիպում է մոտ 900 տեսակ։ Սա էլ ցույց է տալիս, թե որքան կարևոր է մեր երկիրը կենսաբազմազանության տեսանկյունից: Յուրաքանչյուր տեսակ հարմարված է որոշակի կենսամիջավայրի, և որքան բազմազան են այդ միջավայրերը, այնքան ավելի մեծ է տեսակային բազմազանությունը»-,նշեց Մարտիրոսյանը։
Երկու գիրք Հայաստանի թռչունների ու կենսաբազմազանության մասին
Մարտիրոսյանը հեղինակել է թռչունների լուսանկարներով գիրք, որի առաջին հրատարակությունում ներկայացված էր 207 տեսակ, իսկ նոր հրատարակությունում՝ արդեն 220։
Նրա խոսքով՝ լուսանկարած տեսակների թիվն իրականում ավելի մեծ է, սակայն գրքում տեղ գտնելու համար լուսանկարները պետք է համապատասխանեն իր որակական չափանիշներին։
«Եթե նկարի որակն ինձ դուր չի գալիս, այն չի տպագրվում։ Շատ տեսակներ դուրս են մնացել գրքից, բայց դա չի նշանակում, որ չեմ նկարել։ Ուղղակի մտածում եմ, որ այդ տեսակին կարող եմ ավելի լավ լուսանկարել ինչ-որ պահի, ու երբ այդ լավ կադրը ստանամ, նոր այն կներառեմ: Գրքում ներկայացված են նաև Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ»,-ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ ընթերցողները կարողանան ծանոթանալ ոչ միայն տարածված, այլև հազվագյուտ ու պահպանության կարիք ունեցող թռչուններին։
Նա մասնակցել է նաև «Հայաստանի կենսաբազմազանությունը» (Biodiversity of Armenia) գրքի ստեղծմանը, որտեղ ներկայացված են ոչ միայն թռչուններ, այլև կենդանիներ, միջատներ ու բույսեր։ Լուսանկարներն արվել են Հայաստանում, իսկ գիրքը նախատեսված է ներկայացնելու երկրի կենսաբազմազանությունն ավելի լայն շրջանակով։
Լուսանկարել՝ մարդկանց բնությանը ծանոթացնելու համար
Մարտիրոսյանը կարծում է, որ վայրի բնության լուսանկարչությունը կարող է նպաստել կենդանիների պահպանությանն ու մարդկանց վերաբերմունքի փոփոխությանը։ Նրա խոսքով՝ գործունեության սկզբից նպատակ է ունեցել հանրությանը ծանոթացնել Հայաստանի բնությանն ու կենդանական աշխարհին, քանի որ շատ մարդիկ պարզապես տեղեկացված չեն իրենց շրջապատում ապրող տեսակների մասին։
«Երբ մարդը տեղյակ չէ, չես կարող նրան մեղադրել, որ ինչ-որ բան ոչնչացնում է կամ ուշադրություն չի դարձնում։ Ի սկզբանե նպատակ եմ ունեցել մարդկանց ծանոթացնել մեր շուրջը եղած կենդանիներին, թռչուններին, բնությանը»,- ասում է նա։
Մարտիրոսյանը լուսանկարները տարածում է անձնական սոցիալական էջերում, ինչպես նաև օգտվում է մասնագիտական համայնքներից։ Նրա խոսքով՝ բնության պահպանության հարցում կարևոր է տարբեր կառույցների, մասնագետների, լրատվամիջոցների ու հանրության համագործակցությունը, քանի որ մեկ մարդու ջանքերով նման խնդիրները լուծելը դժվար է։
Հայկական իժը՝ մեքենայի անիվի մեջ
Վայրի բնության մեջ լուսանկարիչը հաճախ հայտնվում է անսպասելի, երբեմն էլ՝ վտանգավոր իրավիճակներում։ Մարտիրոսյանի հիշողություններում առանձնահատուկ տեղ ունի հայկական իժի հետ հանդիպումը։
Նա ցանկանում էր լուսանկարել այդ հազվագյուտ օձին, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Ճանապարհին օձը հանկարծ հայտնվել է մեքենայի դիմաց։ Լուսանկարիչն անմիջապես իջել է մեքենայից, սակայն իժը սողոսկել է մեքենայի տակ։ Որոշ ժամանակ անց պարզվել է, որ օձը թաքնվել է անիվի հատվածում։ Ուղեկիցները մտավախություն են ունեցել, որ այն կարող է կծել իրենց, և առաջարկել են սպանել օձին։
«Ես ասացի՝ այստեղ ոչ մի օձ չի մեռնելու։ Ինձ մի փայտ տվեք, դուք գնացեք մի կողմ: Փորձեցի օձին դուրս բերել, բռնեցի պոչից ու հանեցի մեքենայի անիվի հատվածից։ Չնայած կողքից հնչող զգուշացումներին՝ հաջողվեց իժին ազատ արձակել։ Օձը հեռացավ առանց որևէ մեկին կծելու»,-պատմեց Մարտիրոսյանը։
Լուսանկարչի խոսքով՝ իրավիճակն իսկապես վտանգավոր էր, քանի որ մոտակա հիվանդանոց հասնելու համար սարերից ճանապարհը կարող էր շուրջ մեկուկես ժամ տևել։ Այդուհանդերձ, նրա համար կարևոր էր ոչ թե ամեն գնով լուսանկար ստանալը, այլ հազվագյուտ կենդանուն չվնասելը։
Իսկ երբեմն վայրի բնության հանդիպումները վտանգավոր լինելու փոխարեն պարզապես զավեշտալի են։ Աղվեսի հետ պատահած դեպքը դրա լավագույն օրինակն է։
Նրա համար նման հանդիպումները վայրի բնության հետ աշխատանքի ամենահետաքրքիր կողմերից են։ Յուրաքանչյուր այց կարող է անակնկալ մատուցել՝ անկախ նրանից, թե որքան մանրակրկիտ է նախապատրաստվել լուսանկարիչը։ Իսկ լավ կադր ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն գիտելիքներն ու համբերությունը, այլև պատրաստակամությունը՝ բնությանը մոտենալու հարգանքով և չխանգարելու նրա բնական ընթացքը։