Իրանի փոխնախագահի մասնակցությամբ Երևանում ներկայացվել է Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի ամբողջական հայերեն թարգմանությունը
2 րոպեի ընթերցում
Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծ Աբոլղասեմ Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի ամբողջական արձակ հայերեն թարգմանության ներկայացման հանդիսավոր արարողությունը՝ Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի, մի խումբ իրանցի պաշտոնյաների, համալսարանների դասախոսների, իրանագետների, ինչպես նաև Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանում Իրանի դեսպանությունից։
Գիրքը, որը թարգմանել է Գևորգ Ասատրյանը՝ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի գիտական խմբագրությամբ և վերահսկողությամբ, մի քանի տարվա գիտահետազոտական աշխատանքի արդյունք է։ Այն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում «Շահնամե»-ի բոլոր պատումները՝ հայերեն գրական արձակի ձևով։
Արարողության ընթացքում Փուրմոհամմադին, անդրադառնալով Իրանի մշակութային և գրական ժառանգության մեջ «Շահնամե»-ի ունեցած կարևոր տեղին, ընդգծել է Ֆիրդուսու ստեղծագործության մեջ արտացոլված այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բանականությունը, արդարությունը, հերոսական բարոյականությունը և բռնության ու անարդարության դեմ պայքարը։
Նա նաև առաջարկել է Հայաստանում հիմնել «Շահնամեի տուն»՝ երկու երկրների իրանագետների, հետազոտողների և արվեստագետների մասնակցությամբ, և պատրաստակամություն հայտնել աջակցելու այս մշակութային նախաձեռնությանը։
Միջոցառման ընթացքում մեծարման են արժանացել գրքի թարգմանիչ Գևորգ Ասատրյանը, ինչպես նաև մի շարք իրանագետներ, թարգմանիչներ, պարսկերենի ուսուցիչներ և պարսկերենի ուսուցման մեջ աչքի ընկած ուսանողներ ու աշակերտներ։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև հայ նկարչուհի Մարիամ Գալստյանի՝ «Շահնամե»-ի պատմություններից և կերպարներից ոգեշնչված գեղանկարների ցուցահանդեսը։
Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի փոխնախագահի՝ Երևան կատարած այցի շրջանակում, որի նպատակն էր մասնակցել Իրան–Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին։