Թրամփը խոստացել է աջակցել Հեգսեթին, եթե նրան իմփիչմենթի ենթարկեն

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կաջակցի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, եթե նրա նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսվի։ CNN-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ Թրամփն իմփիչմենթի հոդվածներ ներկայացրած հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասիին անվանել է «լիակատար անհաջողակ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Այո՛, ես կկանգնեմ նրա կողքին», - Սպիտակ տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քեյթլան Քոլինզի հարցին ի պատասխան ասել է Թրամփը։

Խոսելով հանրապետական կոնգրեսական Մասիի մասին`Թրամփն ասել է. «Մասիի սրտում մեծ ատելություն կա։ Ես չեմ ցանկանում ժամանակ վատնել նրան հետևելու վրա։ Մենք երկու պատերազմ ենք հաղթել և աշխարհը շատ ավելի անվտանգ ենք դարձրել, իսկ հիմա մեզ պետք է իմփիչմենթի՞ ենթարկեն»։

Մասիի կողմից իմփիչմենթի հոդվածների ներկայացումը նշանակում է, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա մինչև նոյեմբերի 11-ը։

Հեգսեթը նոյեմբերի 9-ին ավելի վաղ անտեսել էր իմփիչմենթի նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ համաձայն է Թրամփի հետ և Իրանի դեմ պատերազմը սկսելու որոշման առնչությամբ «նույնը կրկին կաներ»։

Թրամփը կրկին գովեստի խոսքեր է հնչեցրել Պենտագոնի ղեկավարի հասցեին՝ նշելով, որ նա «շատ լավ աշխատանք է կատարել»։

«Եվ այսպես, ես ասում եմ հետևյալը. Փիթ Հեգսեթը երկու պատերազմ է հաղթել, և հիմա ասում են՝ եկեք նրան իմփիչմենթի՞ ենթարկենք։ Իսկ ինչո՞ւ իմփիչմենթի չեն ենթարկում Բայդենի օրոք պաշտոնավարած այն պարոնին, այն մարդուն, որն անհետացել էր երկու շաբաթով, և ոչ ոք գաղափար անգամ չուներ, թե որտեղ է նա», - ասել է Թրամփը՝ ակնարկելով պաշտպանության նախկին նախարար Լլոյդ Օսթինի՝ 2023 թ․ վերջին և 2024 թ․ սկզբին հիվանդանոցում գաղտնի բուժվելու դեպքը։

«Իսկ ինչո՞ւ իմփիչմենթի չեն ենթարկում այն մարդուն, որը ղեկավարել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմները, ինչպես նաև մյուս բոլոր պատերազմները, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել», - հավելել է Թրամփը։

Ըստ կոնգրեսական Թոմաս Մասիի՝ ավելի քան 90 օր առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելով՝ նախարար Հեգսեթը «խախտել է օրենքը և պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Իմփիչմենթի նախաձեռնությունն, ամենայն հավանականությամբ, ձախողվելու է, քանի որ մինչև հունվար Կոնգրեսում կշարունակեն վերահսկողություն պահպանել հանրապետականները։

Սակայն Մասիի խոսքով՝ այս նախաձեռնության նպատակն է ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ ստիպելու նրան փոխարինել Հեգսեթին՝ նախքան դեմոկրատների կողմից իմփիչմենթի սեփական գործընթացի մեկնարկը։

Հայերեն

Եվրոպական ինդեքսներ - 09/11/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 09/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 09/11/26

Նավթի գները նվազել են - 09/11/26

Հայկական երաժշտությունը՝ սառույցի վրա․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես կգան «Վերադարձրու ինձ երաժշտությունը» շոուի շրջանակում

Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանին

Հանրապետականները կաշխատեն զսպել Թրամփին և հետ պահել իրենց վարկանիշը նվազեցնող քայլերից. քաղաքագետի վերլուծությունը

ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են հասկանալ դրա կարևորությունն ու ռիսկերը. Բուչալտերի մրցանակի դափնեկիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել` 40 քաղաքացու

Մարգուս Ցահքնան Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան