Հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել. Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի հայտարարությանը համախմբման և մի շարք ուղղություններով ջանքերը մեկտեղելու մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե չի՞ կարծում, որ ընդդիմադիր ուժերի համախմբումը կարող է իշխանության դեմ հանրային այնպիսի շարժում գեներացնել, որը վերջնարդյունքում հանգեցնի իշխանափոխության։

Փաշինյանը շեշտել է, որ այդ հարցի պատասխանը ոչ թե ինքը պետք է տա, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։

«Ես կարծում եմ, որ դա հարց է, որին պետք է պատասխանի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Այդ հարցը ինձ չէ ուղղված և ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ։   Շատ հստակ է, մենք առաջարկում ենք և գնում ենք խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և երկամյա խաղաղությունը տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությամբ փոխարինելու ճանապարհով։ Գիտեք, այդ հարցը, որը դուք տալիս եք, կարելի է ամեն շաբաթ տալ՝ առանց չափազանցության, որովհետև ես նախկինում էլ ասել եմ, որ, ի վերջո, որոշումներ կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, և Հայաստանի Հանրապետության  ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կլինի, և այդ թեմայով ես լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ։   Բայց ես ուրիշ բան եմ ասում՝ տեսեք 65 կամ 64 միլիարդ դրամի չարաշահման գործ է (խմբ. նկատի ունի ՀԷՑ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթը, որի շրջանակներում կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը), դուրս են գալիս, ասում են՝ «Ալիևը, Ադրբեջանը», ինչ լինում է, ասում են՝ «Ալիևը, Ադրբեջանը»։ Այսինքն, հիմա, որ մեր ժողովուրդը գնա ու նոր Սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Երբ ասում եմ, որ այդ մարդիկ հակապետական մարդիկ են, նաև սրա համար եմ ասում։ Ենթադրենք կա տարբերակ, որ, ի վերջո, հարցը հասնի հանրաքվեի, և ժողովուրդը կողմ քվեարկի։ Որ կողմ քվեարկեց, իրենք ի՞նչ են անելու, ժողովրդի հասցեին նախկինում կիրառված վիրավորական մակդիրնե՞րն են նորից նրան փոխանցելու։ Դրա համար եմ ասում, որ այս մարդիկ ոչ միայն հակակառավարական են, այլ նաև հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմադիրների հանդիպմանը, որին էլ հաջորդել էր համախմբվելու մասին հայտարարությունը, հեգնել է, որ այդ հանդիպմանը մի անձ պակասում էր, որի ներկայությունն անգամներով կմեծացներ ընդդիմադիր այդ ֆորմատի հաջողության հասնելու շանսերը։

«Ասեմ, որ մի կոմպոնենտ կա, որը, կարծում եմ, անգամներով կմեծացնի ընդդիմադիր այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Ես կարծում եմ, որ այդտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր, խոսքը Կտրիճ Ներսիսյանի մասին է, եթե ինքն էլ այդտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական։ Եվ կարծում եմ, որ ընդամենը օրերի ընթացքում այս ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել, բայց հիմա էլ ուշ չի, եթե, օրինակ, այսօր երեկոյան այդ ֆորմատով հավաքվեն, կարծում եմ, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»,- եզրափակել է Փաշինյանը։

Հայաստանի ընդդիմադիր դաշտի մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են համազգային համախմբման մասին՝ չնայած իրենց միջև առկա քաղաքական տարաձայնություններին։ Նոյեմբերի 4-ի երեկոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած հանդիպումից հետո 13 քաղաքական ուժեր հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ նախանշելով այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պատրաստվում են միավորել իրենց ջանքերը։

Ընդդիմադիր ուժերը որպես համախմբման առաջնահերթություններ առանձնացրել են չորս ուղղություն՝ «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։

Հայտարարության ստորագրողների թվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Հայաքվե» նախաձեռնությունը, «Ապրելու երկիր», «Ժառանգություն», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» և այլ քաղաքական ուժեր։

Հայերեն

ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկվել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպը

Հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել. Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

Օտարման են ներկայացվում Շիրակի մարզի Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր

Ռուսական դիզելով բեռնված լցանավերի երթուղու փոփոխությունը կապված չէ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ. Պեսկով

NEXT Address-ը Բաթումիում․ ինչո՞ւ է NEXT Property-ի առաջատար նախագիծը գրավում հայ ներդրողների ուշադրությունը

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները