Ներկայացվել են Բուլղարիայի ցամաքային զորքերի համար նախատեսված առաջին «Ստրայկեր» մարտական ​​մեքենաները. BTA

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի ցամաքային զորքերի համար հավաքված առաջին «Ստրայկեր» (Stryker) մարտական ​​մեքենաները ներկայացվել են Վելիկո Տառնովոյի TEREM ռազմական գործարանում տեղի ունեցած արարողության ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Մինչև այժմ հավաքվել է ութ մեքենա, որոնցից հինգն արդեն փոխանցվել է Կառլովոյի ցամաքային զորքերի առաջին մեքենայացված բրիգադին։

Արարողությանը ներկա են եղել պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը, Բուլղարիայի զինված ուժերի և TEREM-ի ղեկավարության ներկայացուցիչներ, Բուլղարիայում Կանադայի դեսպանը, ԱՄՆ պետքարտուղարության, ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներ:

183 «Ստրայկեր» մարտական ​​մեքենաների մատակարարման պայմանագիրն ի սկզբանե կնքվել է 1,37 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով։ Ամռանը Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել ավելի քան 44,7 միլիոն դոլարով պայմանագրի ավելացմանը՝ հաշվի առնելով աճող ծախսերը և գնաճը:

Բուլղարիան ներկայում զինամթերք չի արտադրում «Ստրայկեր» մեքենաների համար. այն մատակարարվում է Միացյալ Նահանգների կողմից: Նախարարը տեխնոլոգիաների փոխանցման հույս է հայտնել, ինչը Բուլղարիային հնարավորություն կտա սկսել սեփական արտադրությունը։

Ամռանը TEREM գործարան կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը հայտարարել էր, որ ձեռնարկությունն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու փորձառությունը՝ «Ստրայկեր» հարթակի համար տարածաշրջանային սպասարկման կենտրոն դառնալու նպատակով։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Բուլղարիան «Ստրայկեր» տիպի տեխնիկայի սպասարկման կենտրոն դարձնելու ուղղությամբ», - նոյեմբերի 3-ին նախարարը կրկնել է իր միտքը։

Պատասխանելով լրագրողների հարցին անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի անհրաժեշտության մասին՝ նախարարը նշել է, որ ԱԹՍ-ների չեզոքացումն առաջնահերթություն է։

Պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Էմիլ Էֆտիմովը լրագրողներին հայտնել է, որ այս իրադարձությունը կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի զինված ուժերի արդիականացման, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կանադայի հետ երկրի ռազմավարական գործընկերության զարգացման գործում։

Հայերեն