Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ
3 րոպեի ընթերցում
Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի առողջապահության նախարարությունն՝ անդրադառնալով շուրջ երկու ամիս տևած հետազոտությունների արդյունքներին։
«Սեպտեմբերի սկզբին ստացվել էր Ծավ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգ, ինչի կապակցությամբ իրականացված մոնիթորինգի ընթացքում արձանագրվել էր սնդիկի պարունակության սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման վերաբերյալ նախնական եզրակացություն։
Մինչև ջրի որակի վերաբերյալ վերջնական եզրակացության ստացումը, բնակչության առողջության համար հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով, բնակավայրի բնակչությունն անմիջապես ապահովվել էր անվտանգ խմելու ջրի մատակարարմամբ և սահմանափակվել էր ենթադրյալ վտանգավորություն ունեցող ջրի կենցաղային օգտագործումը։
Անցյալ ավելի մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խորը մասնագիտական գնահատման նպատակով կազմվել էր Միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, որի համակարգմամբ ձևավորված մասնագիտական խմբի կողմից իրականացվել են նոր հետազոտություններ` նպատակ ունենալով դրանք իրականացնել սահմանված պահանջների բարձր համապատասխանությամբ և բացահայտել վտանգի հնարավոր աղբյուրը։
Մասնագիտական խմբի կողմից իրականացվել են ջրի նոր նմուշառումներ ու նմուշապատրաստում, և դրանց մի շարք լաբորատոր հետազոտություններ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։
Միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ իրականացված հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար»,– հայտնում են նախարարությունից՝ ընդգծելով, որ խմելու ջրի մոնիթորինգը կրելու է շարունակական բնույթ: