Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը
3 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունն առաջարկում է Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։ Երկու կառույցներն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից նախատեսվում է փոխանցել կառավարության ենթակայությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունների նպատակն է կառավարման կառուցվածքը համապատասխանեցնել Կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին՝ համախմբելով փոխկապակցված գործառույթները, կենտրոնացնելով մասնագիտական կարողությունները և բարձրացնելով հաշվետվողականության մակարդակը։
Պետական ակտիվների կառավարման ոլորտում նախատեսվում է միասնական քաղաքականություն իրականացնել պետական անշարժ ու շարժական գույքի, ընկերություններում պետական բաժնեմասերի և այլ ակտիվների կառավարման համար։
Ավետիսյանը նշեց, որ բարեփոխումների նպատակներից են ակտիվների կառավարման արդյունավետության ու եկամտաբերության բարձրացումը, չօգտագործվող գույքը տնտեսական շրջանառության մեջ ներգրավելը և նոր ներդրումներ ապահովելը։
«Կարևորություն ունի այս ոլորտում ապօրինի գույքի վերադարձման իրավական գործընթացների արդյունքում պետությանը վերադարձված ակտիվների արդյունավետ և միասնական կառավարման համակարգի ձևավորումը՝ հանրային շահի հաշվառմամբ»,- ասաց փոխնախարարը։
Նա անդրադարձավ նաև պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կորպորատիվ կառավարման համակարգի զարգացմանը։
Ջրային ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը փոխնախարարը կապեց առաջիկա տարիներին նախատեսվող մեծածավալ հանրային ներդրումների և դրանց պլանավորման ու կառավարման համար համապատասխան կարողություններ ունեցող կառույցի անհրաժեշտության հետ։
«Միաժամանակ հողի և ջրի կառավարման փոխկապակցված գործառույթների բաշխվածությունը տարբեր մարմինների միջև սահմանափակում է միասնական պլանավորման հնարավորությունը և հանգեցնում հատվածային մոտեցումների»,- ընդգծեց Ավետիսյանը։
Նախագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունից Հողի և ջրի կոմիտեին փոխանցել գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման և պահպանման գործառույթները։
Ըստ փոխնախարարի՝ այդ գործառույթների համախմբումը հնարավորություն կտա հողերի վիճակի գնահատումը, օգտագործման ներուժը և ոռոգման ապահովումը ներառել կառավարման միասնական շրջանակում։ Մասնավորապես՝ ոռոգման համակարգերում ներդրումների առաջնահերթությունները որոշելիս հնարավոր կլինի հաշվի առնել հողերի օգտագործման իրական կարիքներն ու հնարավորությունները։