Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին
2 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ճանապարհների միջին նորոգման աշխատանքներին, նշել է, որ քաղաքապետարանը Ջրային կոմիտեից այս տարվա ընթացքում միջին նորոգման ենթարկված Իսակովի պողոտան լայնակի քանդելու հայտ է ստացել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Ավինյանն ընդգծել է, որ ներդրումային ծրագիր իրականացնելու համար գործընկերները պետք է տեղեկացնեն մինչև միջին նորոգման աշխատանքներ իրականացնելը։ Քաղաքապետը կարևորել է, որ այդ կանոնը հստակեցվի, այլ պարագայում չեն կարող թույլ տալ լայնակի հատումների իրականացում։
«Մենք յուրաքանչյուր տարի ենթակառուցվածքների հարցերով մեր բոլոր գործընկերներին ուղարկում ենք հաջորդ տարվա անելիքները։ Ես գիտեմ, որ Ջրային կոմիտեն Իսակովի պողոտան լայնակի քանդելու հայտ է ներկայացրել մեզ։ Այս տարի ենք Իսակովի պողոտայում միջին նորոգման աշխատանքներ իրականացրել։ Մեր տեղեկացնելու իմաստը հենց նրանում է, որ եթե կա ներդրումային ծրագիր, դա պետք է իրականացվի մինչև միջին նորոգման աշխատանքների սկսելը։ Պետք է գործընկերների հետ այս կանոնը հստակ սահմանել, մենք ուղղակի չենք կարող թույլ տալ լայնակի հատումներն այլ պարագայում։
Հասկանում եմ՝ ջրային ոլորտի տեսանկյունից շատ կարևոր ներդրում է, բայց Իսակովի պողոտան պետք է գործի անխափան»,- ասել է Տիգրան Ավինյանը։