COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով

6 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության միջազգային համաժողովի (COP17) կանաչ գոտում, որտեղ հետաքրքրասերները կարող են այցելել մինչև հոկտեմբերի 30-ը, հարյուրից ավելի տաղավարների մեջ աչքի էր ընկնում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տաղավարը։ Տաղավարում ներկայացված էին Վարդենիսի բոլոր բարիքները, որոնց մասին «Արմենպրես»-ի թղթակցին պատմել է համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը։

Նա շատ է կարևորում համայնքի մասնակցությունը COP17-ին, քանի որ համաժողովը ներկայացնում է աշխարհի կենսաբազմազանությունը, որն անհրաժեշտ է պահպանել։

Մկրտչյանի խոսքով՝ մեր երկիրը որդեգրել է խոսքից գործի անցնելու քաղաքականությունը։ «Մինչ օրս շատ է նշվել տաբեր ծրագրերի, միջոցառումների մասին, որոնք միտված են կենսաբազմազանության պահպանությանը։ Անհրաժեշտ է  կոնկրետ քայլեր անել, որ այդ ամենն արդյունք տա։ Կենսաբազմազանությունը սահմաններ չունի, այն բոլորինն է, մեր մոլորակինն է, և մենք պետք է ապրենք «Մեկ երկիր, մեկ մոլորակ» գաղափարով ու պահպանենք այս մոլորակը»,-շեշտում է նա։

Մկրտչյանը նշում է՝ տաղավարում փորձել են ներկայացնել մարզի կենսաբազմազանությունը, որպեսզի այցելուները, որոնց թվում շատ են նաև օտարերկրացիները, յուրովի ճանաչեն այն։

«Մեր մարզի և մեր երկրի այցեքարտը, մեր աչքի լույսը Սևանա լիճն է, և առաջին հերթին մենք ուշադրություն ենք դարձնում Սևանա լճին, նրա պահպանությանը։ Հատկապես Վարդենիս համայնքը Սևանա լճի պահպանման գործում մեծ աշխատանք է կատարում Եվրամիության EU4Sevan+ ծրագրի շրջանակում։ ԵՄ-ի աջակցությամբ կազմակերպում ենք կեղտաջրերի մաքրման աշխատանքներ, որպեսզի Սևանա լիճ թափվեն արդեն զտված, կեղտաջրերից ազատված մաքուր ջրեր, ինչը շատ կարևոր է մեր հրաշք Սևանի պահպանության և էկոհամակարգի համար՝ էնդեմիկ ձկնատեսակներ, թռչնատեսակներ։ Մինչև 1950-ական թվականները Սևանին կից եղել է Գիլի լիճը, որտեղ բազմազան թռչնատեսակներ են ձվադրել, բազմացել, այդ հատվածը եղել է թռչունների, այսպես ասած, օդանավակայան։ Թռչունները հյուսիսից եկել են, այդտեղ իջել են, առանձին խմբեր են կազմել, խմբավորվել են ու թռել են հարավ։ Ցավոք,  այդ լիճն այլևս գոյություն չունի, բայց լճի փոխարեն այդտեղ առաջացել են տորֆի հանքեր։ Ցուցադրել ենք այդ տորֆի տեսականին, որը մեր երկրի համար շատ մեծ նշանակություն ունի։ Արարատյան դաշտի համար այն պարարտանյութ է. այնտեղի  ջերմոցները, դաշտերի մեծ մասն օգտվում են այս տորֆի հանքից»,-պատմում է Խաժակն Մկրտչյանը։

Տաղավարում ցուցադրված մի շարք նմուշների կողքին բառի բուն իմաստով փայլող քարեր կային, որոնք բերվել էին մարզի ոսկու հանքից։ «Մենք չէինք կարող չանդրադառնալ ոսկու հանքի հանքատեսակներին, որոնք ևս կենսաբազմազանության մի մաս են։ Փորձում ենք այնպիսի աշխատանքներ տանել հանքարդյունաբերության ոլորտում, որոնք հնարավորություն կտան հնարավորինս քիչ վնասել բնությանը։ Մինչ օրս դա մեզ հաջողվում է։ Սրանք ոսկու հանքի քարերի ձուլակտորներ են, հանքի նմուշներ»,-ասում է Մկրտչյանը։

Տաղավարում ներկայացված էին նաև Վարդենիսի չիչխանը, ալոճը, բարբարիսը, չիչխանից արտադրված օղին, գինին և լիկյորը, որոնք արտադրվում են համայնքում։

Քիչ չէր նաև պանրի տեսականին։ «Սա կենսաբազմազանության տարբեր դրսևորումները ցուցադրող յուրահատուկ մի տարբերակ է, որտեղ մեր գյուղատնտեսության, մեր կենդանական աշխարհի, ընտանի կենդանիների միջոցով ստացված բարիքներն են, որոնց միջոցով մեր ֆերմերները կարողանում են հրաշալի պանրի տեսականի ստանալ՝ ռոքֆոր, բաստուրմայով պանիր և այլն։ Լավաշն է ներկայացված։ Մասրիկի հարթավայրը մեր հանրապետության երկրորդ հարթավայրն է, որը մեր ցորենի, հացահատիկի շտեմարանն է համարվում, և մենք այստեղ ներկայացրել ենք մեր հրաշք ոսկեգույն հասկերը, ցորենը, եգիպտացորենը, գարին և հատիկավոր այլ բույսեր։ Հրաշք մրգեր ունենք։ Վարդենիսում հրաշալի դեղձ է աճում, տանձը, խնձորը, սալորը, պոպոքը և այլն։ Շատերը, երբ լսում են Վարդենիսի մասին, մտածում են՝ ցուրտ է այնտեղ, ինչպես առաջ։ Կլիման գնալով փոխվում է, ջերմաստիճանը բարձրանում է,  և մենք այսպիսի հրաշք բուսատեսակներ ենք տեսնում Վարդենիսի դաշտերում։ Վարդենիսի մեղրը ևս շատ համեղ է, հարգի և ընդունելի է։ Այստեղ ցուցադրված են մեղրի մի կտոր և թեյեր, որոնք մեր դաշտերից հավաքված բույսերով են պատրաստվում։ Հայտնի է մեր կարտոֆիլի տեսականին՝ կարմիր, դեղին, սպիտակ»,-ընդգծում է Խաժակն Մկրտչյանն ու հավելում՝ ցանկացել են ժողովրդին և այցելուներին ցույց տալ, թե ինչքան կարևոր է խաղաղությունը մարդկության համար, իրենց համար՝ առավել ևս։

Նրա խոսքով՝ եթե խաղաղություն չլիներ, չէին լինի այն բերքն ու բարիքը, որոնք ներկայացրել են տաղավարում։ «Արդեն երկու տարի է՝ մեր սահմանները խաղաղ են։ Մենք զբաղված ենք հացահատիկների մշակմամբ, բանջարաբոստանային կարտոֆիլի, կաղամբի աճեցմամբ, բայց առանց խաղաղության այդ ամենը չէր կարող լինել։  Մարդիկ, որոնք կցանկանան սահմանամերձ տարածքներում աշխատանք կազմակերպել, տնտեսություն հիմնել, կարող են գալ, նման հնարավորություն կա, և մենք խաղաղությամբ, սիրով ու ջերմությամբ հրավիրում ենք նրանց ստեղծել, աշխատել, վայելել այն օդը, որը շնչում ենք»,-եզրափակում է Խաժակն Մկրտչյանը։

Հայերեն Русский

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին

Հայաստանը, գուցե, մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին. Փաշինյան

Հայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. Փաշինյան

«Զինապահ» հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրա

ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցողի թեկնածությունը. Politico