2 րոպեի ընթերցում
Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի վերաբերյալ չի փոխվել. Մոսկվային խաղաղություն է պետք, ոչ թե հրադադար, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Պեսկովը նաև նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ամբողջությամբ կարգավորելն անհնար է՝ առանց Կիևից որևէ ներկայացուցչի մասնակցության։
«Իհարկե, ուկրաինական խնդիրը լիովին կարգավորելն անհնար է առանց Կիևից որևէ մեկի ներկայության։ Հետևաբար, Կիևում, իհարկե, ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի։ Դա պարտադիր է», - ասել է նա։
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև հակամարտության կարգավորման գործում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի մասնակցությանը։
«Մենք կտեսնենք, թե որքանով կարող է պարոն Ստուբը կառուցողական ներդրում ունենալ այս հարցում։ Եթե նա կարող է կառուցողական ներդրում ունենալ, ապա դա կարելի է դրական գնահատել։ Եթե ոչ, եթե նա կարող է միայն կրկնել եվրոպական ընդհանուր դիրքորոշումը, ապա դժվար թե դա կառուցողական ներդրում դառնա», - ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 20-ին Օսլոյում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։
Այժմ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում է։ Նա արդեն ժամանել է Կոստանտինյան պալատ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։