2 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «մեկուսացումից դուրս գալու» գործընթացն արդեն սկսվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Corriere della Sera պարբերականի հետ հարցազրույցում։
Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք Զելենսկուն մտահոգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հնարավոր հանդիպումը, որի ընթացքում կարող է քննարկվել Ուկրաինայի հարցը՝ առանց Կիևի մասնակցության։
«Ես կցանկանայի հասկանալ՝ հետագա անակնկալներից խուսափելու համար։ Խոսքը միայն այն մասին չէ, թե նրանք կհանդիպեն մեզ հետ, թե առանց մեզ. ցավոք, Պուտինի՝ մեկուսացումից աստիճանաբար դուրս գալու գործընթացն արդեն սկսվել է։ Սա առաջին քայլը չի լինի», - ասել է Զելենսկին։
«Սակայն եթե օրակարգում Ուկրաինայի հարցը լինի, մենք կցանկանայինք, որ Ուկրաինայի հետ խորհրդակցեին։ Մնացածի վերաբերյալ մեկնաբանություններ անել չեմ կարող, քանի որ չգիտեմ՝ ինչ են նրանք քննարկելու», - հավելել է նա։
Հոկտեմբերի 19-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նոյեմբերի 18-19-ին Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովի ժամանակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հնարավոր եռակողմ հանդիպման քննարկումը շարունակվում է։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն իր հերթին հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ առայժմ ղեկավարների եռակողմ հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա նշել է, որ երեք երկրներն էլ հետաքրքրված են դրանում, սակայն հարցը դեռ քննարկվում է։