«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների կոմիտեին
3 րոպեի ընթերցում
Գազայի հատվածի հարցերով Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը կոչ է արել անկլավում իշխանությունը շտապ փոխանցել հատուկ ստեղծված տեխնոկրատների կոմիտեին՝ հումանիտար օգնության մատակարարումների նոր ճգնաժամի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հաղորդագրություն է տարածել X հարթակում։
Բարձր ներկայացուցիչը նշել է, որ նամակ է ստացել Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունից (COGAT), ըստ որի ՀԱՄԱՍ շարժման սպառնալիքների պատճառով կասեցվել է մասնավոր հատվածի կողմից Գազա ապրանքների մատակարարման համակարգումը։ Մլադենովը դա անընդունելի է որակել։
«Այս իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչու է անհրաժեշտ հրատապ սկսել Գազայի կառավարման ազգային կոմիտեի աշխատանքը՝ միջազգային կայունացման ուժերի աջակցությամբ։ Քաղաքացիական մատակարարումները, հումանիտար օգնությունը և առևտրային գործունեությունը պետք է պաշտպանված լինեն արտաքին միջամտությունից, ճնշումից և չարաշահումից։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն Խաղաղության խորհրդի հետ և առանց հապաղման ապահովեն համապարփակ ծրագրի իրականացումը, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2803 բանաձևով», - գրել է Մլադենովը։
Նա հավելել է, որ առևտրականների ահաբեկումը և մատակարարման շղթաներին միջամտությունը միայն «խորացնում է Գազայի խաղաղ բնակիչների տառապանքները»։
Գազայում ՀԱՄԱՍ-ի վերահսկողության ներքո գտնվող իշխանություններն, իրենց հերթին, հերքել են նման մեղադրանքները, որոնք հնչեցրել է նաև Իսրայելը։ Գազայի իշխանությունները կոչով դիմել են ՄԱԿ-ի կառույցներին, Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին՝ խնդրելով ապահովել հումանիտար օգնության կանոնավոր մատակարարումներն անկլավին։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ստեղծվել է Գազայի հատվածում իրադրության կարգավորման շրջանակներում: Խաղաղության խորհուրդն ստեղծվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան ՝ Գազայի կառավարման համար: